Սխտորի գործածումը կօգնի կոլորեկտալ քաղցկեղի կանխմանը. հետազոտություն

18:40   25 փետրվարի, 2019

Չինացի գիտնականները հայտնել են այն մթերքների մասին, որոնց գործածումը կարեւոր դերակատարում ունի կոլորեկտալ քաղցկեղի (հաստ աղիքի եւ դրա ելունդի չարորակ ուռուցք) կանխարգելման գործում: Կլինիկական ուռուցքաբանության՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ սխտորը, գլուխ սոխը եւ պրասը կարող են նվազեցնել չարորակ նորագոյացությունների այս տեսակի զարգացման հավանականությունը:

Գիտնականները հետազոտության ընթացքում վերլուծել են կոլորեկտալ քաղցկեղով 833 հիվանդների եւ 833 առողջ մարդկանց մասին տեղեկությունները՝ հաշվի առնելով այնպիսի գործոնները, ինչպես տարիքը, սեռը, բնակության վայրը, ինչպես նաեւ սննդակարգը: Պարզվել է, որ սոխ սիրող մարդկանց շրջանում կոլորեկտալ քաղցկեղի հավանականությունը 79 տոկոսով ցածր է, նրանց համեմատությամբ, որոնք այս բույսն իրենց սննդակարգի մեջ են ներառում նվազագույն քանակությամբ:

Գիտնականների կարծիքով՝ սոխի եւ սխտորի մեջ պարունակվում են հատուկ միացություններ, որոնց շնորհիվ էլ հասնում են բուժական արդյունքի: Ստացած արդյունքների հետ կապված՝ մասնագետները կարեւորում են կոլորեկտալ քաղցկեղի առաջնային կանխարգելման գործում կենսակերպի փոփոխությունների դերը պարզելու հետագա հետազոտությունները:



© NEWS.am Medicine