10:35 27 փետրվարի, 2019Ճապոնացի բժիշկներին հաջողվել է պահել մանկիկին, որը ծնվելիս ընդամենը 268 գրամ քաշ ուներ։ Ուղիղ վեց ամիս տղան անցկացրել է հիվանդանոցում։ Վերջերս նրան, ի վերջո, տուն ուղարկեցին։ Բժիշկների խոսքով՝ նա առողջ է եւ այժմ կշռում է 3238 գրամ։
Տղան լույս աշխարհ եկավ շտապ կեսարյան հատումից հետո, հղիության 24-րդ շաբաթում (նորմալ ժամկետը՝ 38-40 շաբաթ)։ Նա այնքան փոքր էր, որ տեղավորվում էր հասուն մարդու երկու ափում, իսկ քաշը տասն անգամ զիջում էր բնականին, որը կազմում է 2800 գրամից ոչ պակաս։
Երեխային տեղավորեցին նորածինների վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նա մնաց ավելի քան վեց ամիս։ Այդ ընթացքում նա դանդաղ, բայց համառորեն աճում ու քաշ էր հավաքում։ Դուրս գրվելու պահին, որը տեղի ունեցավ անցած շաբաթ, նրա քաշը 3238 գրամ էր։
Տոկիոյի Կեյո համալսարանի մասնագետները նշում են, որ այդքան փոքր մանկիկի պատմության մեջ առաջին անգամ է հաջողվել պահել։ Սակայն Գերմանիայում 2015 թվականին եղել է դեպք, երբ հաջողվել է պահել մի աղջկա, որի քաշը ծնվելիս 252 գրամ է եղել։ Հայտնի է ընդամենը 23 դեպքի մասին, երբ ապրել են 300 գրամից պակաս քաշ ունեցող երեխաները, եւ միայն 4 դեպքում է, որ տղաներն են ողջ մնացել։
Ճապոնիայի նման զարգացած երկրներում երեխաների մոտ 90 տոկոսը, որոնց քաշը ծնվելիս մոտ 1000 գրամ է կշռում, ապրում է։ Բայց 300 գրամից պակաս քաշ ունեցող երեխաներին, որպես կանոն, չի հաջողվում փրկել, մանավանդ եթե խոսքը տղաների մասին է, որոնց կենսունակության վիճակագրությունը զիջում է աղջիկներին։
Նշենք, որ Հայաստանում 2017 թվականին ապրեց հղիության 26-րդ շաբաթում ծնված եւ 560 գրամ քաշ ունեցող երեխան։