Ցածրածխաջրային սննդակարգը կարող է շողացող առիթմիա առաջացնել

22:41   7 մարտի, 2019

Ցածրածխաջրային սննդակարգը, որին սիրում են հետեւել շոու բիզնեսի մեծ թվով աստղեր, այնքան էլ անմեղ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից. Գուանչժոուի Սուն Յաթսենի համալսարանի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ ցածրածխաջրային սննդակարգը կարող է առաջացնել շողացող առիթմիա՝ սրտի ռիթմի խանգարում, որը մեծացնում է գլխուղեղի եւ սրտի կաթվածի հավանականությունը:

Ցածրածխաջրային սննդակարգը նախատեսում է հնարավորինս քիչ քանակությամբ շաքարի եւ այլ ածխաջրերի գործածում: Սննդակարգի հիմքն են կազմում սպիտակուցները եւ ճարպերը: Սննդակարգի ամենաթունդ հետեւորդները հաճախ ածխաջրերից ամբողջությամբ հրաժարվում են:

Վաշինգտոնում կայացած Սրտաբանների ամերիկյան կոլեգիայի ամենամյա նստաշրջանի ժամանակ չինացի բժիշկները հայտնել են, որ վերլուծել են ARIC նախագծի շրջանակում ստացված տեղեկությունները, որի ժամանակ մարդկանց հետեւել են 1985-ից 2016 թվականներին: Փորձարկվողները՝ 14 հազար մարդ, դիտարկումները սկսելիս սրտի հիվանդություններ չեն ունեցել:

Դիտարկումների ժամանակահատվածում գրեթե 2 հազար մարդու մոտ շողացող առիթմիա է ախտորոշվել: Գնահատելով նրանց սննդային սովորությունները եւ ստացած տվյալները համեմատելով առիթմիա չունեցող մարդկանց ցուցանիշների հետ՝ գիտնականները հայտնաբերել են, որ նորմալ քանակությամբ ածխաջրեր գործածած մարդկանց շրջանում առիթմիայի զարգացման հավանականությունը 16-18 տոկոսով ցածր է եղել, քան նրանց շրջանում, ովքեր սնվել են ցածրածխաջրային սննդակարգի սկզբունքով:

Նախագծի հեղինակներից մեկը՝ Սյաոդուն Չժուանը նշել է, որ առայժմ հնարավոր չէ հստակ ասել, թե ածխաջրերից երկար ժամանակ հրաժարվելը կոնկրետ ինչպես է ազդում օրգանիզմի, հատկապես անոթների եւ սրտի վրա: Հնարավոր է՝ բանն այն է, որ ցածրածխաջրային սնունդի կողմնակիցներն իրենց զրկում են հակաօքսիդանտներից, որոնք պարունակվում են ածխաջրերով մթերքներում, օրինակ՝ մրգերի, բանջարեղենի եւ նպարեղենի մեջ:



© NEWS.am Medicine