Նոր նյութը կրկնակի կավելացնի ատամնալիցքի ծառայության ժամկետը

23:44   9 մարտի, 2019

Կոմպոզիտային նյութը, որ ստացել են Օրեգոնի առողջության եւ գիտության համալսարանի մասնագետները, զգալիորեն կավելացնի ատամնալիցքի ծառայության ժամկետը։

Նոր նյութը ստեղծվել է տիոուրետանի հիման վրա, որը կիրառվում է նավամատույցների եւ ավտոմեքենաների պաշտպանական ծածկերում։ Մասնագետները հավաստիացնում են, որ ստանդարտ լիցքավորման նյութերի համեմատ վերջինի կայունությունը կրկնակի բարձր է։

Կոմպոզիտային նյութն օգտագործվում է նորագույն ադգեզիվի համադրությամբ, որի հիմքում (մետ)ակրիլամիդ անվանմամբ պոլիմերն է։ Ի տարբերություն մյուս ադգեզիվների, այն ավելի կայուն է ջրի, բերանի խոռոչի ֆերմենտների եւ բակտերիաների հանդեպ։ Նրա թեսթավորումն անցկացվել է բերանի խոռոչի սիմուլյատորում։

Գիտնականները նշում են, որ դրանց կիրառումը կերկարացնի ատամնալիցքերի ծառայության ժամկետը առնվազն երկու անգամ։

Հետազոտության արդյունքները ներկայացված են Dental Materials ամսագրում։



© NEWS.am Medicine