Վաղ հղիություն. ո՞ր տարիքում կարելի է հղիանալ եւ ծննդաբերել

16:18   9 մարտի, 2019

Անցյալում, երբ կյանքի տեւողությունը բավական կարճ էր, քան այսօր, աղջիկները վաղ էին ամուսնանում եւ սկսում երեխաներ բերել։ Այսօր աշխարհում շատ բան է փոխվել, եւ վաղաժամ ամուսնությունը, ինչպես եւ վաղ ծննդաբերությունները, արդեն չեն խրախուսվում ինչպես հասարակության, այնպես էլ բժիշկների կողմից։

Իսկ ո՞ր տարիքից է կարելի ծննդաբերել։ Ի՞նչ են մտածում բժիշկներն այդ մասին։

Մանկաբարձ-գինեկոլոգ Անի Պողոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ աղջկա օրգանիզմը եւ նրա սեռական համակարգը ձեւավորվում են մինչեւ 18 տարեկանը։ Դա նշանակում է, որ հղիություն կարելի է 18 տարեկանից հետո, իսկ ծննդաբերել, համապատասխանաբար՝ արդեն մինչեւ 19 տարեկանը, ոչ շուտ։

Բանն այն է, որ անչափահաս աղջկա օրգանիզմը դեռ վերջնականապես չի ձեւավորվել եւ պատրաստ չէ հղիության ու ծննդաբերության։ Հղիության ժամանակ օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, որոնք նրան պատրաստում են երեխայի ծնվելուն եւ կրծքով կերակրելուն, բացի այդ, մեծանում է սրտանոթային համակարգի, լյարդի եւ երիկամների բեռնվածությունը։ Դեռահասի չպատրաստված, չձեւավորված օրգանիզմը կարող է չդիմանալ այդ բոլոր բեռնվածություններին, ինչը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների՝ թե՛ մոր, թե՛ պտղի համար։

Թերզարգացած կոնքի պատճառով ծննդաբերության պրոցեսը կարող է լուրջ խնդիր դառնալ անչափահաս աղջկա համար։ Եվ եթե զարգացած երկրներում նման իրավիճակներում կարող են կեսարյան հատում անել, այն երկրներում, որտեղ որակյալ բժշկական սպասարկումն առայժմ անհասանելի է, դժվար ծննդաբերությունները կարող են հանգեցնել ծննդկանի կամ պտղի մահվան։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հղիությունից հետո մահվան վտանգը երկու անգամ ավելի է այն ծննդկանների համար, ովքեր 15-19 տարեկան են, քան այն կանանց պարագայում, որոնց տարիքը 20-24 է։ Իսկ 10-14 տարեկան աղջիկների համար մահանալու վտանգը հղիության կամ ծննդաբերության ժամանակ 5 անգամ ավելի է, քան 20-ից բարձր տարիքի կանաց պարագայում։ Վիճակագրության համաձայն՝ զարգացող երկրներում ամեն տարի հղիության եւ ծննդաբերության բարդությունների պատճառով մահանում է մոտ 70 հազար անչափահաս աղջիկ։

Գինեկոլոգ Նելլի Ավագյանը կարծում է, որ ցանկալի է առաջին երեխան ունենալ 22-24 տարեկանում, այսինքն՝ առաջին դաշտանից 10-11 տարի հետո, հենց այդ տարիքում է կնոջ օրգանիզմը պատրաստ կրել երեխային եւ ծննդաբերել։

Իսկ BMC Medicine-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ առաջին երեխան 26-30 տարիքային միջակայքում ծննդաբերած կանայք ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր ավելի վաղ կամ ավելի ուշ են սերունդ ունեցել։

Նշենք, որ համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ կանայք այստեղ սկսել են ավելի ուշ ծննդաբերել. եթե 2005-ին 75 տոկոս ծնված երեխաների մայրերը 20-29 տարեկան էին, ապա արդեն 2015-ին այդ տարիքի կանայք ապահովում են միայն 70 տոկոս երեխաների ծնունդը։

2005 թվականին  երեխաների ընդամենը 13 տոկոսն են ծննդաբերել 30-ից բարձր տարիքի կանայք, իսկ 2015-ին այդ թիվը ավելացել է գրեթե կրկնակի. հիմա ծննդկանների 25 տոկոսն է 30 եւ ավելի տարեկան։



© NEWS.am Medicine