Ամերիկուհին իր հղիության մասին իմացել է միայն երկունքի ցավերից հետո

19:39   11 մարտի, 2019

ԱՄՆ բնակչ 22-ամյա Էլիսոն Օփֆերն իր հղիության մասին չէր իմացել այնքան ժամանակ, մինչեւ նրա մոտ սկսվեցին երկունքի ցավերը:

Fox News-ը հայտնում է, որ երիտասարդ կինը բժիշկներին է դիմել երիկամներում քարերի առկայության գանգատներով: Սակայն ՈՒՁՀ-ն ցույց է տվել, որ նրա երիկամների մեջ քարեր չկային, իսկ տկարության պատճառը պրեէկլամպսիան էր՝ հղիության բարդությունը, որի դեպքում խախտվում են զարկերակային ճնշման ցուցանիշները:

Էլիսոնին ուղարկել են շտապ կեսարյան հատման, եւ 30 րոպե անց նա տղա է ունեցել:

Կինը խոստովանել է, որ հղիության մասին չի իմացել, քանի որ իր մոտ նախկինում էլ է դիտվել դաշտանի անկանոն ցիկլ: Ինչ վերաբերում է գիրանալուն, ապա ավելորդ կիլոգրամների համար «մեղադրել» է սխալ սնվելուն եւ քիչ շարժունակ կենսակերպին:

Բժիշկները նշում են, որ նման երեւույթները հազվադեպ չեն, քանի որ կնոջ կոնքի եւ կրծքավանդակի չափերից կախված հղիությունն իսկապես կարող է քիչ նկատելի լինել:



© NEWS.am Medicine