Գրիպի վիրուսի տարբեր տեսակների դեմ հաբը կարող է իրականություն դառնալ

19:37   12 մարտի, 2019

Գիտնականները հաբ են մշակում, որը կարող է պայքարել գրիպի վիրուսի տարբեր տեսակների դեմ: Դեղամիջոցի աշխատանքային անվանումն է JNJ4796, որի ստեղծման ուղղությամբ աշխատում են հոլանդական Janssen դեղագործական ընկերության աշխատակիցները:

Վիրուսի դեմ JNJ4796-ի պայքարի մեխանիզմը նման է օրգանիզմի արտադրած հակամարմինների աշխատանքին: Կայծակնային արագությամբ զարգացող վիրուսի դեպքում օրգանիզմը, հնարավոր է, չհասցնի հակամարմիններ արտադրել, սակայն JNJ4796-ը կարող է այս խնդիրը ստանձնել եւ գրիպի վիրուսը ոչնչացնել:

Փորձերի ժամանակ մկներին ներարկել են վիրուսների մահացու չափաբաժին, սակայն JNJ4796-ը հաջողությամբ խնդիրը կատարել է եւ օգնել փրկել կրծողների կյանքը:

Մասնագետների կարծիքով՝ դեղամիջոցը կարող է օգտագործվել հակավիրուսային դեղերի հետ: Դրա ունիվերսալությունն այն է, որ փոխազդում է վիրուսի մի մասի հետ, որը մուտացիաների չի ենթարկվում: Դրանից բացի, կարող է պայքարել գրիպի վիրուսի տարբեր տեսակների դեմ:

Հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում:



© NEWS.am Medicine