Անլար ականջակալները կարող են քաղցկե՞ղ առաջացնել. Գիտնականները պետիցիա են ուղղել ՄԱԿ՝ պահանջելով նկատի առնել առողջության համար անլար տեխնոլոգիաների ռիսկերը

17:25   12 մարտի, 2019

Ավելի քան 250 գիտնականներ պետիցիա են ստորագրել, որն ուղղել են ՄԱԿ եւ ԱՀԿ: Դրանում նշվում են անլար տեխնոլոգիաների օգտագործման հետեւանքով քաղցկեղի զարգացման վտանգները:

Խոսքը ռադիոհաճախական ճառագայթում օգտագործող սարքերի մասին է, այդ թվում Bluetooth-ի, Wi-Fi-ի եւ բջջային կապի:

Ամենից շատ մտահոգիչ են անլար ականջակալները, որոնք ճառագայթներն ուղղում են անմիջապես ականջի ուղու մեջ:

Գիտնականները չեն բացառում, որ դրանց բացասական ազդեցությունը կարող է տարածվել մարդու ուղեղի վրա:

Կենդանիների վրա արված փորձերը հաստատում են, որ տվյալ սարքերի ռադիոհաճախական ճառագայթման եւ քաղցկեղի միջեւ իսկապես կապ կա: Ընդ որում որոշ դեպքերում ճառագայթման մակարդակը, որը վտանգավոր է ճանաչվել,  կարգավորող մարմինների թույլատրված առավելագույնից զգալիորեն ցածր է եղել:

AirPods-ը հեռախոսին միանում է Bluetooth-ի միջոցով: Ինչպես հայտնի է՝ տվյալ տեխնոլոգիայի գործողության սկզբունքը հիմնված է ռադիոալիքների օգտագործման վրա:

 Գիտնականները շարունակում են հետազոտել փոքր հզորության ռադիոալիքների երկարատեւ ազդեցության հետեւանքները, սակայն արդեն հիմա փորձերի արդյունքում  կենդանիների մոտ վերարտադրողական, նյարդային եւ գենետիկ վնասվածքների զարգացում է հայտնաբերվել:

Չնայած նրան, որ ԱՀԿ-ն տարբեր սարքերի  էլեկտրամագնիսական ճառագայթման թույլատրելի մակարդակի ուղեցույց է մշակել, պետիցիայի հեղինակները կարծում են, որ էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող են վտանգավոր լինել անգամ ազդեցության ավելի ցածր մակարդակներում:



© NEWS.am Medicine