Բրիտանուհին հղիության 24-րդ շաբաթում անսպասելիորեն ծննդաբերել է եւ բժիշկներին հսկայական գումար պարտք մնացել (ֆոտո)

18:29   12 մարտի, 2019

Սինգապուրում ճանապարհորդության ժամանակ Բրիտանիայից 30-ամյա Խլոյա Ուիլքինսոնը հղիության 24-րդ շաբաթում անսպասելիորեն ծննդաբերել է եւ 14 հազար ֆունտ սթերլինգի չափով բժշկական ծառայությունների վճարի համար հաշիվ ստացել:

The Mirror-ը հայտնում է որ 2017 թվականին Խլոյան իր զուգընկերոջ՝ 27-ամյա Պատրիկ Ուոլշ Կավանայի հետ Ասիայով եւ Ավստրալիայով երկարատեւ ճանապարհորդության էին  մեկնել:

Նրանք մի քանի երկներ են այցելել եւ մոտ մեկ տարի աշխատել Ավստրալիայում: 2018 թվականի նոյեմբերին Խլոյան իմացել էր, որ հղի է: Փետրվարի վեերջին զույգը որոշել էր ծնողների մոտ մեկնել, որպեսզի անձամբ նրանց այդ լուրը հաղորդեր:

Սինգապուրում երկօրյա կանգառի ժամանակ Ուիլքինսոնի մոտ ինֆեկցիայի պատճառով վաղաժամ ծննդաբերական ցավեր էին սկսվել:

Հիվանդանոցում նրան հակաբիոտիկներ եւ այլ դեղեր էին տվել ծնունդը կասեցնելու համար, սակայն անարդյունք: Երեխան ծնվել էր օտար երկրում հղիության 24-րդ շաբաթում եւ մոտ 860 գրամ էր կշռում: Նրան միանգամից տարել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունք, իսկ զույգին զգուշացրել, որ նա այնտեղ առնվազն երեք ամիս կանցկացնի:

Քանի որ հղիությունը եւ վաղաժամ ծննդաբերությունը բրիտանացիների ապահովագրությունում ներառված չէին, նրանց բժշկակական ծառայությունների համար խոշոր հաշիվ էին ներկայացրել:

Ավելին, եթե երեխայի բուժման ժամանակ բարդություններ առաջանան, գումարը կավելանա:

Երեխան, որին Լորքան են անվանել, դեռ վերակենդանացման բաժանմունքում է, իսկ երիտասարդ զույգը՝ ընկերներից եւ ընտանիքից 14 ժամվա հեռավորության վրա:

Երիտասարդ ծնողները այժմ ապրում են վարձակալած բնակարանում՝ հիվանդանոցից քիչ հեռու: Նրանք քրաուդֆանդինգային հարթակում դրամահավաք են կազմակերպել:



© NEWS.am Medicine