Հարսանիքից 6 օր հետո կինը մահացել է խորհրդավոր հիվանդության հետեւանքով

10:46   13 մարտի, 2019

Լոնդոնի 42-ամյա բնակիչ Նիկոլը մահացել է իր հարսանիքից հետո ընդամենը 6 օր անց: The Sun-ը հայտնում է, որ Նիկոլն ու իր ամուսին Ջեյսոնը ծանոթ էին դեռահաս տարիքից: Նրանք 10 տարի առաջ սկսել էին հանդիպել, իսկ անցյալ տարվա սեպտեմբերի 8-ին տեղի էր ունեցել նրանց երկար սպասված հարսանիքը:

Սակայն նորապսակների երջանկությունը երկար չի տեւել. Կանարյան կղզիներում մեղրամիսի ժամանակ կինը տկարություն է զգացել, եւ սկսվել է արյունախառն հազ: Տեղի կլինիկայում ասել են, որ նրա մոտ ջրազրկում է եւ մեզի ինֆեկցիա, կաթիլային են միացրել եւ նույն օրը դուրս գրել: Սակայն Նիկոլը կրկին վատ է զգացել եւ որոշել է արձակուրդն ընդհատել ու շտապ Մեծ Բրիտանիա վերադառնալ:

Կինը մահացել է սեպտեմբերի 13-ին, երբ օդանավը վայրէջք էր կատարում Պորտուգալիայի օդանավակայանում:

Արդեն կես տարի է՝ կնոջ ազգականները չեն կարողանում պարզել նրա մահվան պատճառը: Պորտուգալիայում եւ Մեծ Բրիտանիայում կատարված դիահերձմամբ ոչինչ չեն հայտնաբերել: Նիկոլի մեծահասակ դուստրերը վշտանում են այն պատճառով, որ իրենց մոր մահվան քննությունը փաստացի առաջընթաց չունի:



© NEWS.am Medicine