Կինը հանուն 400 հազար եվրո ստանալու սղոցել է ձեռքը

13:03   13 մարտի, 2019

Սլովենիայից 21-ամյա կինը դիտավորյալ ձեռքը սղոցել է, որպեսզի ստանա մոտ 400 հազար եվրո (450 հազար դոլար) ապահովագրական գումար, ինչպես նաեւ ամսական 3 հազար եվրո վճարումներ:

BBC News պարբերականը հայտնում է, որ պատահարը տեղի է ունեցել Լյուբլյանա քաղաքում: Քննության վարկածով ազգականները ապահովագրվածի ձեռքը սղոցել են մինչեւ դաստակը, որից հետո բժշկական օգնություն ստանալու համար հիվանդանոց են դիմել: Նրանք բժիշկներին համոզել են, որ աղջիկը ձեռքը պատահաբար է վնասել, երբ սղոցում էր ծառերի ճյուղերը:

Իրավապահ մարմինների վարկածով՝ հանցավոր համաձայնության եկածները ձեռքի սղոցված մասը տանն էին թողել, քանի որ հույս ունեին, որ ցմահ հաշմանդամության համար ապահովագրական ընկերությունից բարձր փոխհատուցում կստանան: Սակայն այն ժամանակին հիվանդանոց է հասցվել, եւ վիրաբույժներին հաջողվել է կտրված մասը կարել ու ձեռքը վերականգնել:

Քննչական մարմիններն այս գործով քննություն են սկսել: Կասկածյալներին սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում:



© NEWS.am Medicine