Հայերի կեսից ավելին տառապում է անքնությունից. ուսումնասիրություն

14:28   15 մարտի, 2019

Այսօր քնի խանգարումները շատ տարածված են Հայաստանում. հայերի 52.5 տոկոսը տառապում է անքնությունից, 36.8 տոկոսը խռմփացնում է, իսկ 22.9 տոկոսը քնի ապնոէ ունի: Այս մասին են վկայում նոր ուսումնասիրության տվյալները, որի արդյունքների մասին  լրագրողներին պատմեց նյարդաբան եւ քնաբան Սամսոն Խաչատրյանը:

Ըստ հետազոտության՝ այսօր հայերի քնի միջին տեւողությունը 6.7 ժամ է, մինչդեռ քնի անհրաժեշտ տեւողությունը առնվազն 7 ժամ է:

Ուսումնասիրությունը նաեւ ցույց  է տվել, որ անհանգիստ ոտքերի համախտանիշը հանդիպում է հայերի գրեթե 15 տոկոիս մոտ, քնի կաթվածը (երբ մարդ արթնանում է, սակայն որոշ ժամանակ չի կարողանում շարժվել) 7.7 տոկոսի մոտ, իսկ սոմնամբուլիզմը (լուսնոտություն) 3.3 տոկոսի մոտ:

Օրվա ընթացքում քնկոտությունն անհանգստացնում է հարցվածների 39 տոկոսին, հոգնածությունը՝ 45.2 տոկոսին, իսկ մեքենա վարողների 15.7 տոկոսը խոստովանել է, որ քնել կամ համարյա քնել է ղեկին:

Հետաքրքիր է, որ կանանց շրջանում քնի խանգարումները մի փոքր ավելի շատ են տարածված, քան տղամարդկանց մոտ:  Մասնագետները դա բացատրում են կնոջ օրգանիզմի հորմոնալ եւ այլ առանձնահատկություններով:

Ուսումնասիրությունն անցկացվել է Երեւանում, Ակներում (Սյունիքի մարզ), Բագրատաշենում (Տավուշի մարզ) եւ Այրքում (Գեղարքունիքի մարզ):

 Հատուկ վերապատրաստում անցած կամավորները հարցում են այդ անցկացրել այդ քաղաքների եւ գյուղերի 1001 չափահասների շրջանում: Մասնակիցների միջին տարիքը 45 տարեկան է:

Հարցաթերթը բաղկացած է եղել 27 հարցից, որով կարելի է կարծիք կազմել մարդու մոտ քնի առավել տարածված խանգարումների առկայության կամ բացակայության մասին:

Հարցաթերթում նաեւ հաշվի են առնվել այն սովորությունները, որոնք կարող են ազդել քնի որակի վրա: Այսպիսով հարցվածքների 7.4 տոկոսը երեկոյան ալկոհոլ է օգտագործել, 19.5 տոկոսը ծխել է, 66 տոկոսը երեկոյան կոֆեին պարունակող ըմպելիքներ է խմել, իսկ 61.5 տոկոսը ուշ ընթրել է: Այս բոլոր գործոններն, ըստ մասնագետի, կարող են նվազեցնել քնի որակը:



© NEWS.am Medicine