Աղտոտված օդը կարող է դիաբետի զարգացման պատճառ դառնալ

10:30   16 մարտի, 2019

Գիտնականներն օդի աղտոտման եւ դիաբետի զարգացման միջեւ կապ են գտել: Չինական բժշկական գիտությունների ակադեմիայի Ֆուվայի հոսպիտալից եւ ԱՄՆ-ի Էմորի համալսարանից մասնագետների հետազոտության համաձայն՝ օդն աղտոտող PM2.5 կոշտ մասնիկները երկարատեւ ներգործության դեպքում կարող են դիաբետի զարգացման պատճառ դառնալ:

PM2.5 -ը հիմնականում բաղկացած է մրից եւ ասֆալտից, հանքային աղերից, ինչպես նաեւ ծանր մետաղների միացությունից:

Մասնիկների գլխավոր մարդածին աղբյուրը տրանսպորտն է, շինարարությունը, ճանապարհածածկույթի էռոզիան եւ այլն:Իր չափերի պատճառով (2.5 միկրոնից քիչ) PM2.5-ն  աղտոտված օդը շնչելիս հեշտությամբ ներթափանցում է մարդու օրգանիզմ:

Xinhua-ն հաղորդում է, որ գիտնականները վերլուծել են ավելի քան 88 հազար չինացիների տվյալները՝ հաշվի առնելով 2004-2015 թվականներին օդի աղտոտվածության մակարդակը:

Պարզվել է, որ մեկ խորանարդ մետրում 10 միկրոգրամով PM2.5-ի կոնցենտրացիայի բարձրացման դեպքում  դիաբետի զարգացման վտանգը 15.7 տոկոսով ավելացել է:

Ընդ որում առավել մեծ բացասական ազդեցությունը նկատվում է միջին տարիքի անձանց եւ կանանց օրգանիզմի վրա: Ռիսկի գոտում հայտնվել են նաեւ չծխող եւ մարմնի զանգվածի ցածր ինդեքս ունեցող մարդիկ:



© NEWS.am Medicine