Գտնվել է ստատինների ավելի անվտանգ այլընտրանքը

21:18   15 մարտի, 2019

Բեմպեդոեւյան թթուն կարող է օգտագործվել խոլեստերինի մակարդակի նվազեցման համար: Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները ցույց են տվել, որ թթուն կարելի է կիրառել անգամ ամենօրյա ռեժիմում՝ ստատիններին զուգահեռ:

Հայտնի է, որ մարդկանց 5-ից մինչեւ 20 տոկոսը ստատինների ընդունումից հրաժարվում է մկանային ցավերի պատճառով, որոնք առաջանում են որպես կողմնակի էֆեկտ: Ստատիններին այլընտրանք կա՝ PCSK9 ինհիբիտորների ներարկումը, որոնք, սակայն, բարձր արժեք ունեն: Բեմպեդոեւյան թթուն պետք է շատ ավելի էժան լինի: Այն համապատասխանում է նաեւ մարդկանց լայն շրջանակի, նույնիսկ նրանց, ովքեր արդեն սրտի նոպա են տարել եւ ոչ մի կերպ չեն կարողանում խոլեստերինի մակարդակն իջեցնել ստատինների միջոցով:

Թեստերը ցույց են տվել, որ ստատիններին զուգահեռ բեմպեդոեւյան թթվի ընդունումը միայն ստատինների օգտագործման համեմատությամբ խոլեստերինի ցուցանիշները 18 տոկոսով ավելի շատ է նվազեցրել: Ստացվում է, որ այս թթվի օգտագործումը թույլ է տալիս ստատինների դեղաչափը նվազեցնել՝ միաժամանակ պահպանելով բուժման արդյունավետությունը:

Ինչպես ստատինները, թթուն աշխատում է՝ արգելափակելով խոլեստերինի արտադրման համար առանցքային էնզիմը (ԱՏՖ-ցիտրատլիազա): Հիմա թթուն արտադրող Esperion ընկերությունը փորձում է լիցենզիա ստանալ եվրոպական կարգավորողներից: Հաջողության դեպքում թթուն շուկա կմտնի արդեն հաջորդ տարի:



© NEWS.am Medicine