Կրծքի քաղցկեղը 11 տարբեր հիվանդություններ են. հետազոտություն

16:30   16 մարտի, 2019

Կրծքագեղձի քաղցկեղը մեկ հիվանդություն չէ, այլ 11 տարբեր հիվանդություններ՝ ռեցիդիվի տարբեր հավանականությամբ: Այս մասին ասվում է Nature-ում հրապարակված   Cancer Research UK Cambridge Institute-ի (Բրիտանիա) եւ Stanford University-ի (ԱՄՆ) մասնագետների նոր հետազոտությունում:

Հետազոտության ղեկավար՝  UK Cambridge Institute-ից Կառլոս Կալդասը նշել է, որ կրծքի քաղցկեղի բուժման մեթոդները վերջին տարիներին զգալիրոեն կատարելագործվել են, սակայն երբեմն անգամ բարեհաջող բուժումից հետո հիվանդությունը կրկնվում  է եւ դա կանխատեսելը գրեթե անհնար է:

Մասնագետները 20 տարի շարունակ ուսումնասիրել եւ հետեւել են 2000 կանանց կրծքագեղձի ուռուցքների գենետիկ փոփոխությունները: Այնուհետ ստացված տվյալները վերլուծվել են գործիքակազմի մշակման նպատակով, որը հետագայում հնարավոր կլինի օգտագործել ռեցիդիվի բարձր ռիսկի կանխատեսման համար:

Կրծքագեղձի ԴՆԹ-ի անալիզը 11 տարբեր հիվանդություններ է հայտնաբերել: Օրինակ կրծքագեղձի եռակի  բացասական քաղցկեղը, որն ամենավատ  կանխատեսումն ունի, իրականում երկու տարբեր տեսակի է լինում՝ դրանցից մեկի կանխատեսումն ի սկզբանե վատն է, սակայն բարեհաջող բուժման դեպքում հիվանդությունը դժվար թե կրկնվի, եթե պացիենտը ախտորոշումից հետո 5 տարի ապրի:

Գիտնականները նաեւ հայտանբերել են էստրոգեն-ռեցեպտոր դրական ուռուցքներով պացիենտների խմբի, որտեղ  սկզբնական կանխատեսումը սովորաբար ավելի բարեհաջող է, քան եռակի բացասական քաղցկեղի դեպքում, սակայն հիվանդության ուշ ռեցիդի վտանգը շատ բարձր է (ախտորոշումից հետո մինչեւ 20 տարի):

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների նման մանրամասն բաշխումը կարող է բուժման ավելի անհատական մոտեցումներ, ռեցիդիվների քանակի նվազեցում ապահովել, ինչպես նաեւ կհանգստացնի ռեցիդիվի շատ ցածր վտանգ ունեցող կանանց: Սակայն, ցավոք, այս մոլեկուլյար թեստավորումը դեռ լայնորեն հասանելի չէ:

Ներկայումս ստացված տվյալների հիման վրա հետազոտողների խումբը  մատչելի թեստ է մշակում հիվանդանոցներում օգտագործման համար եւ ուսումնասիրում է կրծքագեղձի քաղցկեղով պացիենտների բուժման անհատական տարբերակները:

Վերջնանպատակ է բուժման ավելի արդյունավետ մեթոդների կիրառմամբ կլինիկական փորձարկումների անցկացումը, որոնք համապատասխանում են ուռուցքների ճշգրիտ գենետիկական կազմին:

 



© NEWS.am Medicine