Մայիսի 18-19-ը Երեւանում կանցկացվի AIOC II միջազգային ակնաբուժական համաժողովը

14:14   16 մարտի, 2019

Մայիսի 18-19-ը Երեւանում կանցկացվի AIOC II միջազգային ակնաբուժական համաժողովը: Մարտտի 16-ին մամուլի ասուլիսին այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ ակնաբուժության ոլորտի խորհրդատու, ակնաբույժ Արտաշես Զիլֆյանը: Համաժողովին աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 200 մասնագետներ կմասնակցեն:

Նրա խոսքով՝ առաջիկա համաժողովը աննախադեպ է իր մասշտաբներով: Մասնակցության համար հրավիրվել են առաջատար մասնագետներ, պրոֆեսորներ եւ դասախոսներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներից:

Միջոցառման կարեւոր բաղկացուցիչ մասը կլինի ակնաբուժական վիրահատությունների ուղիղ հեռարձակումը, ընդ որում համաժողովի մասնակիցները  հնարավորություն կունենան օնլայն ռեժիմում հարցեր ուղղել վիրաբույժներին:

Ծրագրվող վիրահատություններից մեկի շրջանակում  եղջերաթաղանթի փոխպատվաստում կիրականացվի:

Զիլֆյանը նշեց, որ հատուկ ուշադրություն կդարձվի երիտասարդ եւ սկսնակ մասնագետներին, որոնք հնարավորություն կունենան լսել արտասահմանցի առաջատար ակնաբույժների զեկույցները: Համաժողովին կմասնակցեն Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաեւ Ղարաբաղից բժիշկներ:



© NEWS.am Medicine