Հայաստանում գլաուկոմայի վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգային ծրագիր կանցկացվի

15:00   16 մարտի, 2019

Ընթացիկ տարում Հայաստանի բնակչության շրջանում գլաուկոմայի վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգային ծրագիր կանցկացվի: Մարտի 16-ին մամուլի ասուլիսին այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ ակնաբուժության ոլորտի խորհրդատուի տեղակալ, ակնաբույժ Վահե Նանյանը:

Գլաուկոման աչքի հիվանդությունների խումբ է, որը բնութագրվում է ներակնային մշտական կամ պարբերական ճնշմամբ՝ տեսողության դաշտի տիպիկ դեֆեկտների հետագա զարգացմամբ: Գլաուկոմայի ժամանակ նաեւ տեսողության սրության նվազում  կամ տեսողական նյարդի ատրոֆիա է նկատվում: Տվյալ հիվանդությունը կարող է տեսողության  լիարժեք եւ անդառնալի կորստի հանգեցնել:

Նանյանը նշեց, որ գլաուկոմայի վտանգը կայանում է նրանում, որ սկզբնական փուլում այն առանց ախտանիշների է ընթանում: Ռիսկի խմբում 40 տարեկանից բարձր ծխողներն են, ինչպես նաեւ ճարպակալմամբ, դիաբետով, զարկերակային հիպերտեզիայով տառապող անձինք:

Ամենից հաճախ հիվանդությունը զարգանում է 40-ից հետո, ինչի կապակցությամբ ցանկալի է, որ այդ տարիքի մարդիկ ակնաբույժի մոտ պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնեն:

Գլաուկոմայի վաղ հայտնաբերմանն ուղղված ծրագիրն արդեն ուղարկվել է ՀՀ ԱՆ:

Դրա շրջանակում 40 տարեկանից բարձր անձինք մի շարք հետազոտություններ անցնելու հնարավորություն կունենան, այդ թվում  ներակնային ճնշման չափման եւ օֆտալմոսկոպիայի (տեսողական նյարդի դիագնոստիկա): Բժշկի կոնսուլտացիաները եւ հետազոտություններն անվճար կլինեն:



© NEWS.am Medicine