Անպտղությամբ կանանց շրջանում քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում է. հետազոտություն

09:30   18 մարտի, 2019

Գիտնականները ոչ մխիթարական եզրակացություններ են կատարել. անպտղությամբ տառապող կանայք ենթակա են քաղցկեղի միանգամից մի քանի տեսակի զարգացման վտանգին: Խոսքը արգանդի, ձվարանների, լյարդի եւ լեղապարկի չարորակ նորագոյացությունների մասին է: Այս մասին վկայում են Սթենֆորդի համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետների իրականացրած հետազոտությունը, որոնք 4 տարի հետեւել են կանանց:

Հետազոտությանը մասնակցելու համար ներգրավվել է անպտղությամբ տառապող 64 հազարից ավելի կին: Հետազոտողները ստացած տվյալները համեմատել են տվյալների բազայի հետ, որում ներառված էին տեղեկություններ ֆերտիլությանն առնչվող խնդիրներ չունեցող 3,1 մլն կանանց մասին:

Փորձի 4 տարում պարզվել է, որ անպտղությամբ կանանց շրջանում քաղցկեղի զարգացման հավանականությունը 18 տոկոսով բարձր է, քան նրանց առողջ տարեկիցների շրջանում: Ընդ որում՝ արգանդի քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձր է 78 տոկոսով, ձվարանների քաղցկեղի՝ 64 տոկոսով, լյարդի կամ լեղապարկի քաղցկեղի՝ 59 տոկոսով:

Գիտնականների կարծիքով՝ սրա պատճառը կարող են լինել այն գեներում մուտացիաները, որոնք մասնակցում են ԴՆԹ-ի վերականգնման պրոցեսներին:



© NEWS.am Medicine