Մեծ Բրիտանիայում արագ սննդի գովազդը կարգելվի

23:45   18 մարտի, 2019

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը որոշել է պատերազմ հայտարարել արագ սննդի դեմ։ Ինչպես տեղեկացնում է Sky News-ը, նախարարությունը հանդես է եկել վնասակար ուտելիքի եւ ըմպելիքների գովազդն արգելելու օգտին մինչեւ ժամը 21.00-ն։ Արգելքը տարածվում է հեռուստաեթերի, առցանց հեռարձակումների, ինչպես նաեւ սոցցանցերի վրա։

Նման որոշում կայացնելու համար ազդակ է հանդիսացել հեռարձակման Ofcom կարգավորիչի հետազոտությունը, որի համաձայն՝ երիտասարդությունն իր ժամանակի 64 տոկոսը ծախսում է հեռուստահաղորդումներ դիտելու վրա, որոնք նախատեսված չեն նրանց տարիքի համար։ Հատկանշական է, որ նախաձեռնության պաշտպանությամբ հանդես է եկել հանրահայտ խոհարար Ջեյմի Օլիվերը, որը նշել է, որ արագ սննդի գովազդը իսկապես ուժեղ ազդեցություն է գործում երեխաների վրա։

Այսօր Մեծ Բրիտանիայում հեռուստաալիքներին օրենքով արգելված է 16 տարեկանից ցածր տարիքի երեխաների համար նախատեսված հաղորդումների ժամանակ  ցուցադրել աղի, շաքարի եւ ճարպերի բարձր պարունակությամբ ուտելիքի գովազդ։ Առողջապահության նախարարությունը, մասնավորապես, անհանգստացած է երեխաների շրջանում ճարպակալման դեպքերի աճով։



© NEWS.am Medicine