Մոլի ծխողները գույները չեն տարբերակում

18:43   19 մարտի, 2019

Ծխելը չափազանց բացասաբար է անդրադառնում մարդու տեսողության վրա: Ռաթգերի համալսարանի (ԱՄՆ) մասնագետների հետազոտության համաձայն՝ ժամանակի ընթացքում մոլի ծխողները զրկվում են գույները տարբերակելու ունակությունից: Այս մասին նշված է Psychiatry Research ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտությանը մասնակցել են 25-ից մինչեւ 45 տարեկան կամավորներ, որոնց երկու խմբի են բաժանել: Մեկի մեջ ընդգրկվել են այն մարդիկ, որոնք չէին ծխում, իսկ երկրորդում՝ նրանք, ովքեր օրական մեկ տուփից ավելի էին ծխում: Պարզվել է, որ մոլի ծխողների շրջանում գունային տեսողության կարմիր-կանաչ եւ կապույտ-դեղին սպեկտրներում զգալի փոփոխություններ են եղել: Դրանից բացի, նրանք դժվարություններ են ունեցել գույների կոնտրաստությունը որոշելիս:

Գիտնականները ծխելու այս «կողմնակի էֆեկտները» կապում են ուղեղի վրա ծխախոտի ծխի ազդեցության հետ, ինչը բացասաբար է անդրադառնում տեսողական կերպարների մշակմանը մասնակցող ուղեղի հատվածների վրա: Եվս մեկ վտանգն այն է, որ նիկոտինը եւ ծխելը վնասում են աչքի ցանցաթաղանթի արյունատար անոթները եւ նեյրոնները՝ նպաստելով ոսպնյակի բորբոքմանը:

Այսպիսով, մոլի ծխողների շրջանում 2 անգամ բարձր է տարիքային մակուլյար դեգեներացիայի (աչքի ցանցաթաղանթի կենտրոնական հատվածի քրոնիկական պրոգրեսիվ հիվանդություն) զարգացման վտանգը:



© NEWS.am Medicine