Ալկոհոլը վնասվածքների ժամանակ պաշտպանում է երիկամային եւ սիրտ-անոթային բարդություններից

13:52   10 հունիսի, 2014

Արյան մեջ ալկոհոլ պարունակող, վնասվածքներ ունեցող հիվանդների մոտ սրտային եւ երիկամային բարդացումների առաջացման, հետեւաբար մահվան, ավելի քիչ հավանականություն կա, պարզել են հետազոտողները՝ Չիկագոյում Իլինոյս համալսարանի հասարակական առողջապահության դպրոցից, հաղորդում է Medical Daily-ն։

Նրանք վերլուծել են վնասվածքներ ունեցող 85000 հիվանդի, որոնց արյան մեջ ալկոհոլի պարունակությունը եղել է 0-0,5% սահմաններում։ Արյան մեջ ալկոհոլի կոնցենտրացիան վկայել է բարդացումների նվազեցման մասին։ Սրտային բարդությունները նվազել են  23,5 տոկոսով, իսկ երիկամայինը՝ 30 տոկոսով։

Սրտային հիվանդությունների բարդությունները ներառում են սրտի անբավարարություն, ինֆարկտ, ինսուլտ, անեւրիզմաներ, պերիֆերիկ զարկերակային հիվանդություններ եւ սրտի աշխատանքի հանկարծակի կանգ։

Միայն ԱՄՆ-ում մոտավորապես 60000 մարդ մահանում է սրտային հիվանդություններից։ Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC)՝ յուրաքանչյուր չորրորդ մահ սրտային հիվանդությունների պատճառով է։

Երիկամային բարդությունները ներառում են երիկամների քրոնիկ հիվանդություն, որով ԱՄՆ-ում տառապում են ավելի քան 20 միլիոն մարդ՝ ըստ CDC-ի։ Նվազեցնելով սրտային եւ երիկամային բարդությունները՝ ալկոհոլը մեծ պոտենցիալ ունի վնասվածքներ ունեցող հիվանդներին բուժելու համար։



© NEWS.am Medicine