16:43 10 հունիսի, 2014Իսրայելցի գինեկոլոգ Մայքլ Սթարքի մշակած կեսարյան հատման մեթոդը ավելի քիչ տրավմատիկ է ինչպես մայրիկի, այնպես էլ բալիկի համար. այդ պատճառով շատ երկրներում այն բավականին տարածված եւ հայտնի է։ Սթարքի մեթոդով կեսարյան հատման առավելությունների եւ գլխավոր առանձնահատկությունների մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը խոսել է հենց հեղինակի՝ Մայքլ Սթարքի հետ։
«Ես ուսումնասիրել եմ վիրահատության յուրաքանչյուր քայլ՝ պարզելու համար, թե որքանով է այն անհրաժեշտ, եւ եթե անհրաժեշտ է, ապա ինչպես ավելի լավ կլինի դա անել։ Արդյունքում ես ստացել եմ վեց քայլից բաղկացած մի կարճ վիրահատություն, որի ժամանակ ամենակարեւորն ու ամենաանհրաժեշտն է կատարվում»,-ասաց բժիշկը։
Իսկ ինչո՞վ է տարբերվում Սթարքի մեթոդով կեսարյան հատումը (որը հայտնի է նաեւ Իսրայելի կլինիայի անունով՝ Միսգավ-Լադախ) ավանդականից։
Ըստ Մայքլի՝ առաջին հերթին հիմնական տարբերությունը կախված է այն հանգամանքից, թե ինչպես է բժիշկը բացում ապագա մայրիկի որովայնը, եւ ինչ կտրվածք է նա անում։ Նշտարով կտրում են միայն պացիենտի մաշկը, իսկ ենթամաշկային շերտը, մկանները եւ հոդերը ձգում եւ բացում են մատներով՝ առանց կտրելու, ինչը թույլ է տալիս խուսափել արյունահոսությունից եւ դրա հետեւանքներից։ Այնուհետեւ, վիրաբույժը արգանդի վրա շատ փոքր կտրվածք է կատարում, եւ մատներով բացելով կտրվածքը՝ դուրս է բերում երեխային։
Ողջ վիրահատությունը տեւում է 20-30 րոպե, այնինչ ավանդական կեսարյան հատումը կատարվում է մոտ երկու ժամում։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Մայքլ Սթարքն ասաց, որ նրանք ավելի քան 100 հետազոտություններ են կատարել վիրահատության արդյունավետությունը ստուգելու եւ դրանում համոզվելու համար։ Պարզվել է, որ այս մեթոդով կեսարյան հատումը իրականում ավելի քիչ է տեւում, ավելի քիչ վնասվածքներով, եւ կինը ավելի շուտ կարող է քայլել եւ տեղաշարժվել։ «Մենք նաեւ պարզեցինք, որ մայրիկներն այս դեպքում ավելի շուտ են հիվանդանոցից դուրս գրվում, ավելի քիչ ցավեր են ունենում եւ ավելի քիչ ցավազրկողներ են խմում»,-նշեց նա;
Այսօր Մայքլ Սթարքի կեսարյան հատման մեթոդը օգտագործվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում։ Հայաստանը դրանցից մեկն է. ըստ Մայքլ Սթարքի՝ այստեղ նման վիրահատություններ շատ բժիշկներ են կատարում եւ հաջող կերպով օգտագործում այս մեթոդը։
Մայքլ Սթարքը եկել է Հայաստան միջազգային բժշկական երկրորդ գիտաժողովին մասնակցելու համար։ Գիտաժողովի թեման է «Բուժման արդիական մեթոդների կիրառումը մանկաբարձությունում եւ գինեկոլոգիայում»։ Նրա զեկույցներից մեկը հենց կեսարյան հատման այս մեթոդի մասին էր՝ թեպետ հայերի մեծ մասը առաջին անգամը չէր, որ լսում էր դրա մասին, եւ Մայքլ Սթարքը պարզապես ցանկանում էր համոզվել, թե որքանով է այս մեթոդը ճիշտ օգտագործվում եւ կիրառվում այստեղ։