Գիտնականները հայտնել են ուղեղի աշխատանքը բարելավելու պարզ միջոցի մասին

23:45   22 մարտի, 2019

Խորը շունչը կարող է զգալիորեն բարելավել ուղեղի աշխատանքը: Նման եզրահանգման են եկել Վեյցմանի գիտական ինստիտուտի գիտնականները, գրում է Xinhua-ն:

Նրանց կարծիքով այս պարզ միջոցը կարող է բարձրացնել ուսուցման արդյունավետությունը, այդ թվում հիպերակտիվության համախտանիշ եւ ուշադրության պակաս ունեցող անձանց մոտ:

Փորձի ընթացքում գիտնականները չափել են տարբեր առաջադրանքներ (մաթեմատիկական խնդիրներ, լեզվի վարժություններ եւ այլն) կատարող կամավորների քթի խոռոչում օդի հոսքը:

Այն դեպքում, երբ մասնակիցները պատրաստ են եղել  անցնել հաջորդ առաջադրանքի լուծմանը, նրանց խնդրել են սեղմել հատուկ կոճակը: Պարզվել է, որ թեստի կատարման հաջողության ցուցանիշը  բարձր է եղել շնչելու ժամանակ:

Փորձի մասնակիցների գլխուղեղի էլեկտրական ակտիվության չափումը ինչպես առաջադրանքների կատարման, այնպես էլ հանգստի վիճակում հետաքրքրիր օրինաչափություն է  հայտնաբերել: Պարզվել է, որ շնչելու եւ արտաշնչելու ժամանակ  ուղեղի հատվածների միջեւ կապերի որակը շատ է տարբերվում: Մասնագետները դա բացատրում են նրանով, որ շնչելու ժամանակ գլխուղեղի աշխատանքը ակտիվանում է՝ կենտրոնանալով  ստացված տեղեկատվության մշակման վրա:

Հետազոտությունը հրապարակվել է Nature Human Behavior ամսագրում:



© NEWS.am Medicine