Գարդասիլը՝ ազգային անվտանգության խնդի՞ր. հայ բժիշկները դիմել են ԱԱԾ

15:22   25 մարտի, 2019

Հայաստանի առողջապահության նախարարի հրամանը գարդասիլ-4-ով 14-45 տարեկան տղամարդկանց եւ կանանց պատվաստելու մասին կարող է սպառնալիք ներկայացնել երկրի ազգային անվտանգությանը, համոզված են նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը եւ «Առողջապահության հայ ազգային խորհրդի» նախագահ Գեւորգ Գրիգորյանը։

Ինչպես նշել է Մարինա Խաչատրյանը, թիվ 194А հրամանը ստորագրվել է ընթացիկ տարվա հունվարի 29-ին, բայց առողջապահության նախարարության կայքում այն չեն տեղադրել, իրենք գործընկերների հետ միասին այդ հրամանի մասին իմացել են միանգամայն պատահաբար։ Նեյրովիրաբույժի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու են այդ հրամանը գաղտնի պահել։

Խաչատրյանի խոսքով՝ համաձայն ամերիկյան FDA-ի տվյալների՝ 26-ից բարձր տարիքի մարդկանց համար կարելի է օգտագործել գարդասիլ-9, բայց նման տվյալներ գարդասիլ-4-ի վերաբերյալ չկան, ուստի անհասկանալի է, թե ինչու է նախարարությունը որոշել պատվաստել Հայաստանում մինչեւ 45 տարեկան մարդկանց գարդասիլ-4-ով։ Պատվաստանյութի հրահանգում առաջարկվում է այն ներարկել 9-26 տարեկաններին։

Բացի այդ, ինչպես նշել է Խաչատրյանը, ցանցում այսօր գարդասիլով ներարկման ակտիվ քարոզչություն է վարվում, ավելին՝ պատվաստանյութը ներկայացնում են որպես հակաքաղցկեղային, թեեւ դա չի համապատասխանում իրականությանը. գարդասիլը իրականում հակավիրուսային պատվաստանյութ է, այն պաշտպանում է մարդու պապիլոմա վիրուսի 4 շտամներից։

Ինչպես իր հերթին նշեց Գեւորգ Գրիգորյանը, քաղցկեղի դեմ պատվաստանյութեր որպես այդպիսին այսօրվա դրությամբ գոյություն չունեն։ Եթե դրանք գոյություն ունենային, քաղցկեղի խնդիրն աշխարհում կարող էր լուծված համարվել։

Մասնագետների խոսքով՝ գարդասիլի կիրառումը 26-ից բարձր տարիքի մարդկանց համար այլ հարցեր էլ է առաջացնում։ Այսպես, կան տվյալներ, որ պատվաստումը, եթե մարդն արդեն վարակված է ՄԻԱՎ-ով, կարող է 40 տոկոսով բարձրացնել քաղցկեղի առաջացման վտանգը։ Բացի այդ, կան տվյալներ, որ  25-29 տարեկան կանանց մոտ պատվաստումը ՄԻԱՎ-ի դեմ կարող է կապված լինել անպտղության վտանգի հետ։ Ավելին՝ առայժմ ոչինչ հայտնի չէ այդ պատվաստանյութի հնարավոր ուռուցքածին եւ գենետիկ ազդեցության մասին։

Ինչպես ընդգծեց Գեւորգ Գրիգորյանը, պատվաստանյութն սկսել են կիրառել 2006 թվականից, եւ դեռ 20 տարի չի անցել դրա արդյունավետությունը եւ անվտանգությունը հեռանկարում գնահատելու համար։ Այսօր առկա տվյալները, մասնագետի խոսքով, բավարար չեն։

Գեւորգ Գրիգորյանն առաջարկում է կազմակերպել գարդասիլի թեմայով   հանրային քննարկումներ խորհրդարանում, ինչը կօգնի բոլոր կողմերին ավելի լավ հասկանալ դրա հետ կապված խնդիրները։ Մարինա Խաչատրյանը մարտի 22-ին դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ տեղեկացնելով հնարավոր իրավախախտումների մասին՝ կապված Հայաստանում գարդասիլ-4-ի կիրառման հետ։

Մարինա Խաչատրյանի խոսքով՝ գարդասիլի կիրառումն իրոք կարող է ազգային անվտանգության հարց լինել, չէ՞ որ դրանով պատվաստում են վերարտադրողական տարիքի կանանց, իսկ վերարտադրողական առողջությունը, մահացությունն ու ուռուցքաբանական հիվանդություններն ուղղակի կապված են ազգային անվտանգության հետ։



© NEWS.am Medicine