2003-2015 թվականներին արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացությունն աճել է՝ չնայած դրա դեմ պայքարի ազգային ռազմավարությանը. ակտիվիստ

18:32   25 մարտի, 2019

2003 թվականի  օգոստոսի 8-ին Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարություն ընդունվեց, սակայն հետագա տարիներին քաղցկեղի այս տեսակով հիվանդացությունը ոչ միայն չկրճատվեց, այլեւ հակառակը՝ ավելացավ:  Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Լույս» տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

Ըստ նրա, ազգային ռազմավարության համաձայն, 2015 թ. հիվանդացությունը պետք էր 30 տոկոսով կրճատել: Այս ծրագրի համար հատկացված գումարը պետք է ծախսվեր սքրինինգային ծրագրերի վրա, որոնց շնորհիվ հիվանդությունը հնարավոր կլիներ  հայտնաբերել վաղ փուլերում `այդպիսով մեծացնելով կանանց ապաքինման հնարավորությունները:

2004 թ.-ին Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղով 2 336 պացիենտ է եղել, իսկ 2009 թվականին` 2,383: 2010 թվականից պացիենտների թիվը սկսել է աճել, իսկ 2015 թ.-ին նրանց թիվն արդեն 3030 է եղել:

Հայկ Այվազյանի խոսքով, հասկանալի չէ, թե ինչի համար են  ծախսվել այդ ռազմավարության համար հատկացված միջոցները, եւ ինչու է այն այդքան  անարդյունավետ եղել:

Նշենք, որ պաշտոնական տվյալներով, 2017 թվականին Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղով 3116 պացիենտ է եղել: Ամեն տարի գրանցվում է  այս հիվանդության մոտ 250-260 նոր դեպք  (2017 թ.-ին 262 նոր դեպք է եղել, 2015 թվականին` 257) եւ դրա հետեւանքով մոտ 70-80 մահվան դեպք:



© NEWS.am Medicine