Սրտի աշխատանքի ցուցանիշներին հնարավոր կլինի հետեւել զուգարանակոնքին նստած

14:12   27 մարտի, 2019

Ռոչեսթերի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները զուգարանի յուրահատուկ նստոց են մշակել, որը կարող է հետեւել սրտի աշխատանքի ցուցանիշներին: Գյուտն առաջին հերթին կօգնի այն անձանց, որոնք տառապում են տեւական սրտային անվաբարարությամբ, եւ որոնք մշտական մոնիթորինգի կարիք ունեն:

Զուգարանակոնքի «խելացի» նստոցը հագեցած է սրտի էլեկտրական եւ մեխանիկական ակտիվության չափման, ինչպես նաեւ սրտի կծկումների հաճախությանը եւ արյան ճնշմանը հետեւելու սարքերով: Դրանից բացի, համակարգը հետեւում է օքսիգենացիայի մակարդակին (թթվածնով արյան հագեցումը) եւ արյան հարվածային ծավալի ցուցանիշին: Ստացած տվյալների անալիզն իրականացվում է հատուկ ալգորիթմների միջոցով:

Այսօրվա դրությամբ՝ անցկացվում են արտասովոր նստոցի կլինիկական փորձարկումները: Մասնագետները ծրագրում են նաեւ մշակել ստացած տեղեկություններն անմիջապես բուժող բժշկին փոխանցելու համակարգ, ինչը նրանց կօգնի պացիենտի առողջական վիճակի վատթարացման դեպքում ժամանակին միջոցներ ձեռնարկել:  

Մշակողների խոսքով՝ «խելացի» նստոցը թույլ կտա կրճատել կրկնակի հոսպիտալացումների թիվը. ըստ վիճակագրության՝ տեւական սրտային անբավարարությամբ պացիենտների 25 տոկոսը դուրս գրվելուց հետո առաջին 30 օրվա ընթացքում կրկին հիվանդանոց է ընդունվում:

Մշակումը մանրամասն ներկայացված է mHealth ամսագրում հրապարակված հոդվածում:



© NEWS.am Medicine