Իրեն ցրված համարող աղջիկն իրականում տառապում էր էպիլեպսիայով

17:31   28 մարտի, 2019

21-ամյա Ժասմին Բանովիկը բրիտանական Չելթնեմ քաղաքից (Գլոսթերշիր կոմսություն), որն իրեն ցրված էր համարում, իրականում տառապում է էպիլեպսիայով։

Ինչպես պատմում է Metro պարբերականը, «ցրվածության» տարօրինակ նոպաները Ժասմինի մոտ սկսվեցին 9 տարեկանից։ Սկզբում աղջիկը չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ. երբեմն չէր արձագանքում շուրջը կատարվողին մի քանի վայրկյան։ Այդ պատճառով ուսուցիչները հաճախ նկատողություն էին անում նրան եւ մեղադրում ցրվածության ու երազկոտության մեջ։

Մի անգամ մայրը նրան տարավ թերապեւտի մոտ՝ ստուգելու նրա լսողությունը։ Թերապեւտը խորհուրդ տվեց այցելել նյարդաբանի։ 11 տարեկանում Ժասմինի մոտ էպիլեպսիա ախտորոշեցին։

Ժասմինը մտահոգվում էր, որ հիվանդությունն իրեն այնպիսին չի դարձնի, ինչպես համադասարանցիները, դրա համար էլ 5 տարի փորձում էր թաքցնել այն շրջապատից։ Անհանգստության եւ լարվածության պատճառով նրա վիճակը միայն ավելի էր վատանում, իսկ նոպաներն ավելի հաճախակիացան։ Ամենավատ օրերին նա մինչեւ 30 նոպա էր ունենում, որոնք տեւում էին 10 վայրկյանից մինչեւ 5 րոպե։ 15 տարեկանում նա անցավ ընտանեկան ուսուցման եղանակի։

Ժասմինն ափսոսում է, որ փոքր հասակում չի իմացել էպիլեպսիայով մարդկանց ընկերակցությունների մասին. «Ինձ թվում էր, թե ես աշխարհում միակ երեխան եմ, որի հետ դա տեղի է ունենում։ Ես կցանկանայի հայտնվել ինձ նմանների շրջապատում եւ աջակցություն ստանալ»։

Մեկ տարի անց Ժասմինն առաջին անգամ շփվեց հոգեթերապեւտի հետ եւ դրանից հետո ավելի հանգիստ է ընդունում իր ախտորոշումը։ Նա սկսեց ավելի պատասխանատու զգալ իրեն դեղերն ընդունելու հարցում, ինչի շնորհիվ նոպաները հազվադեպ դարձան։ Այնուամենայնիվ, աղջիկն այժմ էլ տառապում է դեղերի կողմնակի ազդեցություններից՝ գլխացավ, սրտխառնոց եւ հոգնածություն։ Երբեմն վատ ինքնազգացողության պատճառով ստիպված է չեղարկել հանդիպումները վերջին պահին, ինչի պատճառով փչանում են նրա հարաբերություններն ընկերների հետ։

Ժասմինը որոշել է իր պատմությունը ներկայացնել ուրիշներին՝ ոգեւորելու էպիլեպսիայով հիվանդներին, որպեսզի նրանք չհանձնվեն։



© NEWS.am Medicine