«Հետ դեպի ապագա» ֆիլմն օգնել է 19-ամյա աղջկան մշակել Պարկինսոնի հիվանդության վաղ ախտորոշման ծրագիր

12:00   2 ապրիլի, 2019

«Հետ դեպի ապագա» ֆիլմը օգնել է կանզասցի 19-ամյա Էրին Սմիթին մշակել Պարկինսոնի հիվանդության վաղ ախտորոշման ծրագիր։ Գլխավոր դերակատար Մայքլ Ջեյ Ֆոքսի մոտ այդ հիվանդությունն ախտորոշվել է 29 տարեկանում, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսացել նրա կինոկարիերայի համար։

Նայելով դերասանի լուսանկարները՝ Էրինը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Պարկինսոնի հիվանդությունն անդրադարձել է նրա դիմագծերի վրա մկանների տոնուսի փոփոխության պատճառով։ Մայքլ Ջեյ Ֆոքսի վերջին լուսանկարները համեմատելով ավելի վաղ արված լուսանկարների հետ՝ Էրինը պարզեց, որ նման պատկեր նկատվել է Պարկինսոնի հիվանդության ախտորոշումից մի քանի տարի առաջ։ Օրինակ, դերասանի մոտ հիվանդության առաջին նշանները կարելի էր տեսնել անգամ «Հետ դեպի ապագա» ֆիլմում։

Նման դիտարկումները Էրինին օգնեցին մշակել համակարգչային ծրագիր, որը հայտնաբերում է Պարկինսոնի հիվանդության վաղ նշանները, ընդ որում՝ դրա ճշգրտությունը կազմում է 88 տոկոս։ Հատկանշական է, որ այս ծրագրի կատարելագործման համար միջոցներ հատկացրել է ինքը՝ Մայքլ Ջեյ Ֆոքսը։



© NEWS.am Medicine