Մենինգիտը կարող է երեխային հանցագործի վերափոխել. հետազոտություն

18:50   3 ապրիլի, 2019

Կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիաներով հիվանդացած երեխաները հասուն տարիքում ավելի հաճախ են բռնություն գործադրում: Կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիաների թվին են դասվում, մասնավորապես, մենինգիտը եւ էնցեֆալիտը:

Կարոլինի ինստիտուտի (Ստոկհոլմ) հետազոտության համաձայն՝ երեխաների շրջանում, որոնք կյանքի առաջին տարվա ընթացքում կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիաներ են տարել, հասուն տարիքում բանտում հայտնվելու հավանականությունը 20 տոկոսով մեծանում է: Շվեդ գիտնականների կարծիքով՝ սա կապված է այն հանգամանքի հետ, որ բորբոքային պրոցեսներն ազդում են ուղեղի հատվածների զարգացման վրա, որոնք պատասխանատու են ագրեսիայի կամ բռնության կարգավորման համար:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են 1973-1995 թվականներին Շվեդիայում ծնված 2 262 597 մարդու տվյալները: Գիտնականներին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե փորձարկվողները մինչեւ 14 տարեկանը որքան ինֆեկցիաներ են տարել: Ստացած տեղեկությունները համեմատվել են հանցագործությունների գրանցամատյան մտած 15-ից մինչեւ 38 տարեկան անձանց տվյալների հետ:

Պարզվել է, որ մանկության տարիներին կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիաներ տարած անձինք հասուն տարիքում 14 տոկոսով ավելի հաճախ են դատապարտվել բռնություն գործադրելու համար: Նրանք, ովքեր այս հիվանդություններին բախվել են մինչեւ 1 տարեկան տարիքը, ցուցանիշները 20 տոկոսով են կազմել: Մասնագետներն ընդգծում են, որ կյանքի առաջին 12 ամիսները ուղեղի զարգացման տեսակետից չափազանց կարեւոր դերակատարում ունեն:

Ուշագրավ է, որ հետազոտության արդյունքները գործնականում անփոփոխ են մնացել նույնիսկ հաշվի առնելով այնպիսի գործոնները, ինչպես փորձարկվողների ծնողների կրթական մակարդակը եւ նրանց եկամուտները:

Համանման «ինֆեկցիա-հանցագործություն» կապ է հայտնաբերվել բացառապես կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիայի դեպքում: Նշվում է, որ այլ ինֆեկցիաները նման ռիսկերի հետ կապված չեն:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Brain, Behavior and Immunity ամսագրում:



© NEWS.am Medicine