Ի՞նչ հարցեր են տալիս ծնողները ՄՊՎ-ի դեմ պատվաստումից առաջ

17:32   5 ապրիլի, 2019

Մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումից առաջ որոշ հարցեր տալիս են գրեթե բոլոր ծնողները, պնդում է մանկաբույժ Լիլիթ Մարությանը:

Շատ ծնողներ, օրինակ ցանկանում են իմանալ՝ ինչու մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը 13 տարեկանում են իրականացնում: Նրանք հարցնում են՝ չի կարելի արդյոք այն մի քանի տարով հետաձգել: Ի վերջո, 13 տարեկանում աղջկա մոտ սեռական հասունացման ամենաթեժ շրջանն է եւ ծնողները վախենում են, որ պատվաստումը կարող է ինչ-որ կերպ ազդել դրա վրա:

Ըստ մասնագետների առանց լուրջ անհրաժեշտության չարժե պատվաստումը հետաձգել. նախ՝ այն խորհուրդ է տրվում անել մինչեւ  սեռական կյանքի սկսվելը, երբ դեռահասը, ամենայն հավանականությամբ, դեռ չի բախվել ՄՊՎ-ի հետ:

Երկրորդ՝ ըստ մանկաբույժի, պատվաստանյութի նկատմամբ ամենալավ իմունային պատասխանը լինում է մինչեւ 15 տարեկանը. դեռահասներին պատվաստանյութի միայն երկու չափաքանակ են ներարկում, իսկ 15-ից բարձր մարդկանց՝ 3 չափաքանակ, որպեսզի համանման իմունային պատասխան ստանան:

Ինչ վերաբերում է սեռական հասունացմանը եւ վերարտադրողական առողջությանը, պատվաստանյութը չի ազդում ոչ առաջինի, ոչ երկրորդի վրա, պնդում են մասնագետները:

Եւս մեկ հարց, որ տալիս են գրեթե բոլոր ծնողները, վերաբերում է պատվաստանյութի անվտանգությանը՝ ծնողները ցանկանում են իմանալ՝ որքանով է այն անվտանգ, չէ որ, ի վերջո, այն շուկայում համեմատաբար վերջերս է հայտնվել:

Լիլիթ Մարությանը նշեց, որ ցանկացած պատվաստանյութ մինչեւ շուկայում հայտնվելը բազմաթիվ հետազոտություններ է անցնում. այն շատ ավելի մանրակրկիտ են ստուգում, քան մյուս դեղամիջոցները, քանի որ դրանք բնակչության մեծ խմբի համար են օգտագործվելու եւ դրանք պարտադիր պետք է անվտանգ լինեն:

Ըստ մասնագետի՝ ՄՊՎ դեմ պատվաստանյութը անցնելով բոլոր անհրաժեշտ հետազոտությունները շուկայում հայտնվել է 2006 թվականին: Շատ երկրներում այն արդեն 13 տարի են օգտագործում եւ պատվաստանյութի հետ կապված ոչ մի լուրջ խնդիր չի նկատվել:

Երրորդ հարցը, որը ծնողները հաճախ են տալիս, վերաբերում է բոլոր պատվաստանյութերին, ոչ միայն Գարդասիլին: Ծնողները ցանկանում են իմանալ, վտանգավոր է արդյոք ալյումինը, որը պարունակվում է դրանցում:

Լիլիթ Մարությանի խոսքով՝ ալյումինն իսկապես պարունակվում է պատվաստանյութերում՝ փոքր քանակությամբ եւ օժանդակ դեր է կատարում:

Սակայն նույն ալյումինը պարունակվում է նաեւ շատ սննդամթերքներում եւ անգամ կրծքի կաթում եւ նորածինների համար արհեստական կաթնային խառնուրդներում:

Հետազոտությունների համաձայն՝ երեխաները պատվաստանյութի միջոցով  մի քանի անգամ քիչ ալյումին են ստանում, քան մայրական կաթի եւ կաթնային խառնուրդների միջոցով: Այսպես, թե այնպես բոլոր երեք դեպքերում այդ ալյումինը, ըստ մասնագետի, չի ազդում երեխայի զարգացման վրա:



© NEWS.am Medicine