Կինը, որն անտեղյակ էր իր հղիության մասին, ծննդաբերությունը շփոթել էր սննդային թունավորման ախտանիշերի հետ

21:26   6 ապրիլի, 2019

Նյու Ջերսիի բնակչուհի Պատրիցիա Քրոուֆորդն իր համար անսպասելիորեն երեխա է լույս աշխարհ բերել: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, կինն անգամ չէր կարծում, որ հղի է, իսկ ծննդաբերական կծկումները շփոթել էր սննդային թունավորման ախտանիշերի հետ:

Հատկանշական է, որ հղիության վերջին ամիսներին վատ զգացողությունը Պատրիցիան եւս վերագրում էր նյութափոխանակության հետ կապված խնդիրներին: Որովայնի հատվածում մշտական ցավերը նրան չէին անհանգստացնում, եւ նա չէր դիմում բժշկի:

Պատրիցիան միակ կինը չէ, որը չգիտեր իր հղիության մասին ընդհուպ մինչեւ ծննդաբերությունը: Սովորաբար ոչ կանոնավոր դաշտանային ցիկլ ունեցող կանայք ուշադրություն չեն դարձնում ամսականների դադարի վրա:

Ծննդաբերությունը շփոթելով սննդային թունավորման հետ՝ Պատրիցիան գնացել էր լոգարան, որտեղ եւ լույս աշխարհ էր բերել երեխային: Ծննդաբերությունն անցել էր մեկ ակնթարթում: Հատկանշական է, որ տղան ծնվել էր մարտի 28-ին՝ Պատրիցիայի հոր մահվան տարելիցի օրը: Այժմ տղան կրում է Ջեյմսոն անունը՝ իր պապի պատվին:

«Դա շատ զարմանալի էր: Այնպիսի տպավորություն էր, որ հայրս իջել էր երկնքից եւ ասել ինձ՝ մարտի 28-ին այլեւս երբեք չես տխրի: Դա իսկապես լավագույն նվերն էր»,-պատմել է կինը:



© NEWS.am Medicine