Հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդն այսօր հասավ Երեւան (ֆոտո)

16:28   8 ապրիլի, 2019

ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդն այսօր հասավ Երեւան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետեւ շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Սուրբ Աստվածամայի ԲԿ:

Ինչպես տեղեկացնում է «Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը, նախնական տեղեկություններով հիվանդի՝ 13-ամյա երեխայի մոտ վթարի հետեւանքով արձանագրվել էին բազմակի, այդ թվում գլխուղեղային վնասվածներ, վիճակը գնահատվել էր կայուն ծանր: 

Զանգը ստանալուն պես, «Էրեբունի» ԲԿ շտապօգնության ծառայության բրիգադն ուղղաթիռով մեկնեց երեխային բերելու: Տեղում հիվանդն անմիջապես միացվեց արհեստական շնչառական սարքին, տեղադրվեց պարանոցային օձիք, կատարվեց դեղորայքային միջամտութուն՝ ցավազրկում: Ամբողջ թռիչքի ընթացքում նորմայի սահմաններում էին հեմոդինամիկ տվյալները: Տեղափոխումն իրականացվել է առանց խնդիրների:

Զանգից 2 ժամ անց, երեխան արդեն գտնվում էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Սա առողջապահության նախարարության նոր ծրագրով իրականացվող առաջին դեպքն էր, որով հնարավոր եղավ մի քանի անգամ կրճատել ժամանակը, արագ եւ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել հիվանդին:



© NEWS.am Medicine