Ձուկ գործածելը կարող է դանդաղեցնել ուղեղի ծերացումը. հետազոտություն

09:40   9 ապրիլի, 2019

Մարդիկ, ում սննդակարգում ձուկ շատ է պարունակվում, ավելի լավ են պաշտպանված ուղեղին առնչվող ծերացման պրոցեսներից: Այսպիսի եզրակացություն են կատարել Չիկագոյի համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները:

Մարթա Քլեր Մորիսի ղեկավարությամբ անցկացված հետազոտությունը հաստատել է, որ ձուկն իսկապես ուղեղի համար չափազանց օգտակար է: Մասնագետների եզրակացությամբ՝ ձկան գործածումը նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը:

Գիտնականները հետազոտել են այն մարդկանց ուղեղի առանձնահատկությունները, որոնք մահացել են 10-ամյա դիտարկումների ժամանակաշրջանում: Ոմանց ուղեղում հայտնաբերվել են ամիլոիդային վահանիկներ՝ Ալցհեյմերի հիվանդության նշանը: Մասնագետները ուղեղի հետազոտության տվյալները համեմատել են փորձարկվողների կենսակերպի ցուցանիշների հետ:

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ձկան գործածումը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը: Մասնավորապես՝ պարզվել է, որ շաբաթական նվազագույնը մեկ անգամ ձուկ գործածող մարդկանց շրջանում Ալցհեյմերի հիվանդության միանգամից երեք նշանների զարգացման մակարդակը ցածր է եղել:

Դրանից բացի, գիտնականները դիմել են 13 գիտական աշխատությունների, որոնցում նշվում է «որոշակի պաշտպանական մեխանիզմի հայտնվելու մասին նրանց շրջանում, որոնք սնունդի մեջ պարբերաբար ձուկ եւ ծովամթերք են գործածում»: Հետազոտողների կարծիքով՝ այս մեխանիզմը դանդաղեցնում է տարիքային կոգնիտիվ խանգարումների զարգացումը եւ պաշտպանում դեմենցիայից:



© NEWS.am Medicine