Գիտնականները պսակազերծել են «քաղցր դոպինգի» առասպելը. շաքարի օգտագործումը չի բարձրացնում տրամադրությունը

23:45   9 ապրիլի, 2019

Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի հետազոտողները հերքել են տարածված կարծիքը, թե շաքարի օգտագործումը բարձրացնում է տրամադրությունը։

Գիտնականները վերլուծել են 31 հետազոտության տվյալները, որոնցում ուսումնասիրվել է ածխաջրերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա՝ ֆիզիոլոգիական եւ հոգեբանական տեսանկյուններից։ Հետազոտողներն ուշադրությունը կենտրոնացրել են այն բանի վրա, թե արդյոք շաքարի օգտագործումն ազդում է տրամադրության բարելավման եւ փորձարկվողների ուշադրության կենտրոնացման վրա։

Պարզվել է, որ շաքարի օգտագործումը՝ ցանկացած քանակությամբ, գրեթե չի ազդում տրամադրության բարելավման վրա։ Դա քիչ է՝ դրա օգտագործումից 30 րոպես հետո կամավորների մոտ հոգնածությունը խորացել է, իսկ մեկ ժամ հետո ցրվել է նաեւ ուշադրությունը։

Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանից Կոնստանտինոս Մանթանցիսը (Konstantinos Mantantzis) նշել է, որ առասպելը, թե շաքարը կարող է բարելավել տրամադրությունը, հանգեցրել է շաքար պարունակող ըմպելիքների պահանջարկի բարձրացմանը։ Այնինչ, իրականում հայտարարությունները, թե շաքարը կարող է պայքարել հոգնածության դեմ եւ բարելավել ուշադրության կենտրոնացումը, հիմնավորված չեն։

Բացի այն, որ ընկճախտը քաղցրով հաղթահարելու փորձերն արդյունք չեն տալիս, ինչը դառնում է հավելյալ սթրեսի պատճառ, շաքարի չարաշահումը բացասաբար է ազդում առողջության վրա։ Սա վերաբերում է ինչպես կոգնիտիվ ունակությունների խախտմանը, այնպես էլ ճարպակալման ու դիաբետի առաջացման վտանգին։

Այս առնչությամբ գիտնականները նշում են շաքարի եւ շաքար պարունակող մթերքների չարաշահման վտանգի վերաբերյալ բնակչության տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը։

Հետազոտության արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է Neuroscience & Biobehavioral Reviews ամսագրում։



© NEWS.am Medicine