«Աշխարհի ամենագեր երեխան», որը նիհարել է 106 կիլոգրամով, ավելորդ մաշկի հեռացման վիրահատության կարիք ունի (ֆոտո)

17:26   10 ապրիլի, 2019

13-ամյա Արիա Պերմանան Ինդոնեզիայից բոլորովին վերջերս համարվում էր աշխարհի ամենագեր երեխան արագ պատրաստվող լապշայի, գազավորված ըմպելիքի եւ տապակած հավի «դիետայի» պատճառով։ Արդյունքում՝ 10 տարեկանում նա կշռում էր 191,9 կիլոգրամ։ Այդ պատճառով նա դժվարությամբ էր շարժվում եւ սովորում էր տանը։

Քանի որ ճարպակալումը սպառնալիք էր ներկայացնում նրա կյանքին, Արիան դարձավ բարիատրիկ վիրահատության ենթարկված ամենաերիտասարդ պացիենտը։ Դրա, ինչպես նաեւ ձկան, բանջարեղենի ու մրգերի դիետայի շնորհիվ տղան նիհարեց 106 կիլոգրամ։ Այսօր նրա քաշը 85,8 կիլոգրամ է։

Ստամոքսի փոքրացումը Արիային հեշտ չտրվեց. ավելի վաղ նա ուտելիքի իսկական երկրպագու էր, իսկ հիմա ուտելիքի փոքր քանակությունը (7 գդալ) բավական է, որպեսզի նրա ստամոքսը լցվի։ Բայց ավելորդ կիլոգրամների կորուստը օգտակար է եղել, չէ՞ որ հիմա նա կարող է ամեն օր մինչեւ դպրոց անցնել 1 կլիոմետր, գնալ լողի եւ խաղալ ընկերների հետ։

Արիան նոր երազանք ունի՝ դառնալ ֆուտբոլիստ։ «Ես ինձ շատ ավելի երջանիկ եմ զգում։ Առաջ ոչինչ չէի կարողանում անել, անգամ փետրագնդակ խաղալ, իսկ հիմա կարող եմ հանդիպել ու խաղալ ընկերներիս հետ»,- ասում է նա։ Ծնողները նշում են, որ տղան սկսել է հավատալ իր ուժերին։ Դժվար է հավատալ, որ երբ նա ավելի քան 190 կիլոգրամ քաշ ուներ, անգամ հինգ մետր քայլել չէր կարող։ Այսօր անգամ առավոտյան վազքը նրա համար դժվարություն չի ներկայացնում։

Հիմա տղան նոր նպատակ ունի՝ վիրահատությամբ հեռացնել ավելորդ մաշկը։ Այն կկատարվի տեղի կլինիկայում, դպրոցական քննություններից հետո։

Source: The Daily Mail

Photos: Jefta Images / Barcroft Images

 



© NEWS.am Medicine