Աշխատակիցները, որոնք ստիպված են հաճախորդներին մշտապես ժպտալ, էմոցիոնալ սպառման պատճառով շատ են խմում

09:33   11 ապրիլի, 2019

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի համալսարանի եւ Բուֆալոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն աշխատակիցները, որոնք ստիպված են հաճախորդներին մշտապես ժպտալ, աշխատանքային հերթափոխի ավարտից հետո շատ են խմում: Ոգելիցի հանդեպ հակման պատճառը աշխատանքային օրվա ընթացքում էմոցիոնալ սպառումն է:

Ռիսկի խմբի մեջ են մտել, մասնավորապես, բուժքույրերը, բարմենները եւ քոլ-կենտրոնների աշխատակիցները: Փորձագետները համոզված են, որ կեղծ ժպիտը, որը մարդկանց ստիպում է թաքցնել կամ ճնշել իրենց իրական զգացումները, սթրես եւ բացասական զգացումներ է առաջացնում: Արդյունքում աշխատակիցները, որոնք ստիպված են մշտապես ժպտալ, փորձում են հանգստանալ սպիրտայինի միջոցով:

Գիտնականները նշում են՝ մարդը որքան հաճախ է ստիպված աշխատավայրում վերահսկել իր բացասական զգացումները, այնքան հազավադեպ է վերահսկում աշխատանքից հետո ալկոհոլի գործածումը:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են ԱՄՆ-ում 1592 աշխատակիցների շրջանում անցկացված հարցման տվյալները: Նրանք պետք է հայտնեին, թե որքան հաճախ են իրենց զգացումները ձեւացնում կամ ճնշում, եւ որքան ալկոհոլ են խմում աշխատանքից հետո: Պարզվել է, որ ոգելից խմիչքների գործածման մակարդակը բարձր է նրանց շրջանում, ովքեր աշխատավայրում ստիպված են մարդկանց հետ հաճախ շփվել: Սա առաջին հերթին վերաբերում է նրանց, ովքեր ստիպված են հաճախորդների հետ անհատապես շփվել: Այսպես՝ քոլ-կենտրոնների կամ սրճարանների աշխատակիցներն ավելի շատ են խմում, քան կրթության կամ առողջապահության ոլորտների ներկայացուցիչները:

Մի կողմից՝ աշխատավարձը մարդուն մոտիվացնում է, որ մշտապես ճնշի իր իրական զգացումները: Մյուս կողմից՝ ամենօրյա ինքնավերահսկողությունը օրգանիզմի համար կարող է լինել բավականին մեծ ծանրաբեռնվածություն, հատկապես եթե մարդն իր աշխատանքն անօգուտ է համարում: Օրինակ՝ բուժքրոջ համար ավելի է հեշտ է ձեւացնել հանուն պացիենտի բուժման, մինչդեռ մարդը, որը հաճախորդին տեսնում է կյանքում առաջին եւ վերջին անգամ, դա կարող է բավականին մեծ փորձություն լինել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Occupational Health Psychology ամսագրում:



© NEWS.am Medicine