14:54 10 դեկտեմբերի, 2013Հայաստանում միզաքարային հիվանդության տարածվածությունը կարող է կապված լինել ինչպես ջրի բաղադրության, այնպես էլ սննդի առանձնահատկությունների հետ: Այսինքն Հայաստանում՝ որոշ էնդեմիկ շրջաններում, կան միզաքարային հիվանդությանը նախատրամադրող որոշակի գործոններ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցի ժամանակ հայտարարեց «Երեւան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական ծառայության ղեկավար Վահագն Աշուղյանը:
Նա նշեց, որ մեր մոտ, ի տարբերություն այլ տեղերի, օրինակ, նույն Ռուսաստանի եւ եվրոպական երկրների, միզաքարային հիվանդությունն ավելի հաճախ է հանդիպում: Հատկապես հաճախակի են բարձիթողի դեպքերը՝ մեծ չափերի քարերը, երկրորդային բարդություններով դեպքերը եւ այլն:
Բժշկի խոսքով, այս հիվանդությունից խուսափելու համար պետք է համապատասխան քանակությամբ հեղուկներ օգտագործել, տարաբնույթ սնունդ ուտել, թեպետ, ուրոլոգիական գիտության մեջ դեռեւս չկա այս հիվանդության հավաստի կանխարգելում:
«Դա ավելի շուտ մետաֆիլակտկա է: Այսինքն, երբ մարդու մոտ երիկամներում արդեն մի անգամ դիտվել է քարագոյացում, որից նա ազատվել է ժամանակակից տեխնոլոգիաների, օրինակ՝ հեռահար քարափշրման կամ փոքրածավալ վիրահատության միջոցով, եւ հիվանդության կրկնությունից խուսափելու համար, հիվանդը պետք է հետեւի որոշակի կանոնների, որոնք կարող են նվազեցնել կրկնակի քարագոյացման ռիսկը: Հենց սա էլ հանդիսանում է միզաքարայն հիվանդության մետաֆիլաքսիա: Գոյություն ունեն մետաֆիլակտիկայի սպեցիֆիկ եւ ոչ սպեցիֆիկ տարբերակներ»,- նշեց բժիշկը եւ թվարկեց. Ոչ սպեցիֆիկներն են՝ մեծ քանակությամբ հեղուկի օգտագործումը, սննդի որոշակի ռեժիմը, ցիտրատների մեծ քանակություն պարունակող մթերքների օգտագործումը (ցիտրուսներ), շարժուն կենսակերպը: «Այս ամենը նվազեցնում է կրկնակի քարագոյացման հավանականությունը»,- նշեց բժշկը: Սպեցիֆիկ դեպքերում, էնդոկրին հիվանդությունների, հարվահանաձեւ գեղձի հիվանդությունների հետ կապված, մետաֆիլակտիկան ենթադրում է ավելի մանրակրկիտ հետազոտություն եւ համապատասխան բուժում:
Խոսելով այն մասին, թե Հայաստանում, բացի միզաքարային հիվանդությունից, էլ որ հիվանդություններն են տարածված, Վ. Աշուղյանը նշեց, որ դժվար է առանձնացնել մեր երկրին բնորոշ հվանդությունների խումբ: Նրա խոսքով, ամբողջ աշխարհում տղամարդկանց մոտ ուրոլոգիական հիվանդությունների մեծամասնությունը կապված է հիմնականում շագանակագեղձի հետ՝ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, պրոստատիտ, շագանակագեղձի քաղցկեղ:
«Կարելի է առանձնացնել ծխելու հետ կապված հիվանդությունները, քանի որ ծխելը մեզ մոտ կրում է ոչ թե համաճարակի, այլ պանդեմիայի բնույթ: Հիվանդների շարքում հաճախ հանդիպում են մոլի ծխողներ, ովքեր ծխում են գրեթե 4-5 տարեկանից: Հստակ հաստատաված է ծխելու եւ ուրոլոգիական ուռուցքաբանական հիվանդությունների կախվածությունը: Միզապարկի, երիկամի քաղցկեղի դեպքերի մոտավորապես կեսի դեպքում, հիվանդության պատճառը համարվում է ծխելը»- նշեց նա:
Ըստ Վ.Աշուղյանի, Հայաստանում՝ բնակչության այն խմբում, որը հաճախ է արտերկիր մեկնում գումար վաստակելու համար, սպեցիֆիկ կարելի է համարել նաեւ գերազանցապես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները: Բժիշկը դեպք նկարագրեց, երբ հիվանդն իր մոտ բուժվում էր քրոնիկ պրոստատիտից: Տղան շատ գոհ էր արդյունքից, մեկնեց Ռուսաստան, ապա վերադարձավ արդեն որպես վեներոլոգի հիվանդ՝ սիֆլիսով։