Մելանոմա. Ամենակարեւորը ժամանակին ախտորոշե՞լն է

22:34   19 ապրիլի, 2019

Մելանոման մաշկի հետ կապված ամենավտանգավոր հիվանդություններից է. այն շատ արագ տարածվում  է եւ եթե ժամանակին չի ախտորոշվում, բարեհաջող բուժման հնարավորությունը շատ ցածր կլինի:

Մաշկաբան վեներաբան Արամ Մկրտչյանը՝ Մաշկաբան-վեներաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարը պնդում է, որ պետք է հնարավոր ամեն ինչ անել, որ մելանոմայով հիվանդները ժամանակին հայտնվեն բժշկի մոտ եւ ախտորոշում ստանան, այդ ժամանակ հիվանդությունը հնարավոր կլինի բարեհաջող բուժել:

Ըստ մասնագետի, դրա համար հարկավոր է առաջին հերթին բարձրացնել մարդկանց տեղեկացվածության մակարդակը. ամեն մեկը պետք է իմանա, որ մաշկի ցանկացած տարօրինակ փոփոխության դեպքում ( խալերի գույնի, ձեւի փոփոխություն, նոր խալերի առաջացում, տարօրինակ նշանների հայտնվում եւ այլն) պետք է դիմել մաշկաբանին:

Վաղ ախտորոշման դեպքում իրենց դերը կարող են ունենալ նաեւ առաջնային օղակի բժիշկները. եթե մարդն արդեն եկել է պոլիկլինիկա, թերապեւտի կամ ընտանեկան բժշկի մոտ պետք է զննել նրան կամ հարցնել մելանոմայի ախտանիշների մասին, իսկ ցանկացած կասկածների դեպքում պացիենտին մաշկաբանի մոտ ուղարկել: Պոլիկլինիկաների մեծ մասում կան նեղ մասնագետներ՝ եւ մաշկաբաններ եւ ուռուցքաբաններ:

Նշենք, որ Հայաստանում մելանոմայի խնդիրը ավելի քան արդիական է, քանի որ դրա զարգացման հիմնական գործոններից է համարվում ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Ամեն տարի Հայաստանում մաշկի ուռուցքների մոտ 100 նոր դեպք է գրանցվում:

Սոլյարիի այցելումը նույնպես շատ կարեւոր գործոն է համարվում. սոլյարիում արեւայրուկը մեծացնում է մելանոմայի զարգացման վտանգը:

Ըստ առկա տվյալների՝ տարեկան ավելի քան 20 անգամ սոլյարի այցելելու դեպքում մաշկի քաղցկեղի զարգացման վտանգը կրկնապատկվում է. ընդ որում մելանոմայի համար այդ վտանգը ավելանում է 22 տոկոսով, տափակաբջջային քաղցկեղի համար՝ 78 տոկոսով:

Նշենք նաեւ, որ մելանոման ընթացքի տեսանկյունից ամենաբարդը եւ ուռուցքների հետեւանքների առումով  ամենալուրջն է համարվում: Հետաքրքրիր է, որ մելանոմային բաժին է հասնում մաշկի քաղցկեղի բոլոր տեսակների ոչ ավել քան 10 տոկոսը, բայց 80 տոկոսի դեպքում ելքը մահացու  է: Մելանոման բավականին բարեհաջող բուժվում է, եթե այն հաջողվում է վաղ փուլում հայտնաբերել, սակայն ուշ հայտանբերելու դեպքում 5 տարի ապրելու հնարավորությունը գրանցվում է պացիենտների միայն 10 տոկոսի մոտ:



© NEWS.am Medicine