Գաջեթները կործանարար են մանկական հոգեկերտվածքի համար. հետազոտություն

10:49   19 ապրիլի, 2019

Մասնագետները բազմիցս են նշել երեխաների համար գաջեթների վնասների մասին, իսկ նոր հետազոտությունը հաստատում է երեխայի հոգեկերտվածքի վրա թաչսքրինի (սենսորային էկրաններով սարքեր) բացասական ազդեցությունը:

Ալբերտի համալսարանի (Կանադա) գիտնականները հետազոտություն են անցկացրել ավելի քան 2400 ընտանիքների շրջանում: Պարզվել է, որ գաջեթներով զբաղվելու համար շատ ժամանակ անցկացնող երեխաները լուրջ վարքագծային խնդիրներ ունեն: Այսպես՝ թաչսքրինի առջեւ օրական երկու եւ ավելի ժամ անցկացնող երեխաների շրջանում մեծ է ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշի զարգացման հավանականությունը: Դրանից բացի, այս երեխաների շրջանում մեծանում է կենտրոնացման խնդիրների առաջացման հավանականությունը:

Գիտնականները նշում են, որ գաջեթներից կախվածությունը երեխաների վարքագծի վրա ավելի բացասաբար է անդրադառնում, քան քնի ռեժիմը կամ ծնողների միջեւ լարվածությունը: Եվս մեկ վտանգ է այն, որ հաճախ գաջեթների պատճառով երեխաները սկսում են քնին քիչ ժամանակ հատկացնել: Մինչդեռ, մանկության տարիներին քնի պակասը կարող է դանդաղեցնել ուղեղի աճը, հետեւաբար խնդիրներ առաջացնել հասուն տարիքում:

Գիտնականները խորհուրդ են տալիս երեխաների համար գաջեթներով զբաղվելու ժամանակը սահմանափակել օրական մինչեւ 30 րոպե: Մասնագետների կարծիքով՝ թաչսքրիններից կախվածության բացասական ազդեցությունը կարող են նվազագույնի հասցնել լիարժեք քունը եւ սպորտով զբաղվելը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում:



© NEWS.am Medicine