Կարմրուկով հիվանդների թիվն ամբողջ աշխարհում աճել է 4 անգամ. ԱՀԿ

11:33   21 ապրիլի, 2019

Կարմրուկով հիվանդների թիվն ամբողջ աշխարհում աճել է 4 անգամ: Այդ մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ հղում կատարելով ԱՀԿ-ի անդամ երկրների տրամադրած նախնական տվյալներին:

Ըստ հաղորդագրության՝ 2019 թվականի առաջին եռամսյակում աշխարհում կարմրուկով հիվանդների թիվն աճել է ավելի քան 300 տոկոսով՝ ի տարբերություն անցյալ տարվա առաջին եռամսյակի: Այսօրվա դրությամբ կարմրուկի համաճարակ է գրանցվել Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Եթովպիայում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մադագասկարում, Մյանմեում, Ֆիլիպիններում, Սուդանում, Թաիլանդում եւ Ուկրաինայում:

Բացի այդ, վերջին շրջանում նկատվել է այդ հիվանդության կտրուկ աճ ԱՄՆ-ում, Իսրայելում, Թաիլանդում եւ Թունիսում: Հատկանշական է, որ այդ երկրներում կարմրուկն արագորեն տարածվում է այն մարդկանց շրջանում, որոնք չեն պատվաստվել այդ հիվանդության դեմ:

Ընթացիկ տարվա սկզբում հայտնի էր 170 երկրներում կարմրուկի 112 163 դեպքերի մասին, մինչդեռ 2018 թվականի միեւնույն ժամանակահատվածում բացահայտվել էր կարմրուկի 28 124 դեպք 163 երկրներում: Աֆրիկայի երկրներում հիվանդացության աճը կազմել է 700 տոկոս, Ամերիկայում՝ 60 տոկոս, Եվրոպայում՝ 300 տոկոս, իսկ Արեւելյան  Միջերկրածովյան երկրներում՝ 100 տոկոս:

2017 թվականին կարմրուկից մահացել է շուրջ 110 հազար մարդ ամբողջ աշխարհում: Նշվում է, որ հիվանդությունն ամբողջովին կանխարգելվում է կարմրուկի դեմ երկու պատվաստումների միջոցով: Վերջին տարիներին առաջին պատվաստումն ստացել է աշխարհի բնակչության շուրջ 85 տոկոսը, սակայն երկրորդ պատվաստումը՝ շուրջ 67 տոկոսը:



© NEWS.am Medicine