Կարո՞ղ է արդյոք կոֆեինը իրոք բարձրացնել ֆիզիկական աշխատունակությունը

18:54   22 ապրիլի, 2019

Կարո՞ղ է արդյոք կոֆեինը իրոք բարձրացնել մարդու ֆիզիկական աշխատունակությունը։ Այս հարցի պատասխանը գտնելու համար ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից գիտնականները վերլուծել են 300 գիտական հետազոտություններ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 4800 մարդ։

Ինչպես պարզվել է, կոֆեինն, իրոք, բարձրացնում է ֆիզիկական աշխատունակությունը։ Ընդ որում, միջին վիճակագրական մարդու վրա ազդեցություն թողնում է մոտ 2 բաժակ սուրճը։

Ինչպես հայտնում է Science Alert-ը, կոֆեինի ընդունումը բարելավում է սպորտային մարզումների արդյունքները, այդ թվում՝ 2-16 տոկոսով հեծանվավազքի շարունակականությունը։ Կոֆեինի հանդեպ բարձր զգայունությունը 16 տոկոսով նպաստում է ցուցանիշների աճին, սակայն միջինը բարելավումը կարող է հասնել 2-6 տոկոսի։

Փոխադարձ այս կապը բացատրվում է ադենոզինային ռեցեպտորների վրա կոֆեինի ազդեցությամբ։ Այն ազդում է ադենոզինի վրա, որը հոգնածության զգացողության համար պատասխանատու քիմիական ազդանշանի դեր է խաղում։

Սուրճի մեկ գավաթը պարունակում է մոտ 95-165 մգ կոֆեին։ Միաժամանակ, ցուցանիշների բարելավման համար 1 կգ-ին անհրաժեշտ է 3-6 մգ չափաբաժին, որը համապատասխանում է 210-420 մգ կոֆեինի (2 բաժակ սուրճ)՝ 70 կգ կշռող մարդու համար։ Փորձագետները խորհուրդ են տալիս սուրճը օգտագործել մարզումներից 45-90 րոպե առաջ։

 

 



© NEWS.am Medicine