Վթարը փրկել է հղի կնոջ եւ նրա չծնված երեխայի կյանքը

10:59   24 ապրիլի, 2019

Անգլիական Թայն ենդ Ուիր կոմսության Գեյթսհեդ քաղաքից 20-ամյա Քլոի Գրանտը մահացու վտանգավոր հիվանդության մասին տեղեկացել է ոչ մեծ վթարի շնորհիվ, որի մեջ հայտնվել էր հղիության ժամանակ: Այս վթարը նպաստել է փրկելու ե՛ւ նրա, ե՛ւ նրա չծնված երեխայի կյանքը:

Evening Chronicle պարբերականը հայտնում է, որ Քլոին ճանապարհային պատահարի է ենթարկվել 24-շաբաթական հղիության ժամանակ: Չնայած նա ծանր վնասվածքներ չէր ստացել, կնոջն անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, որտեղ բժիշկները նրա մոտ պրեէկլամպսիա են հայտնաբերել՝ հազվադեպ եւ մոր ու պտղի կյանքի համար վտանգավոր բարդություն, որը հանդիպում է հղիների միայն 6 տոկոսի մոտ:

Երկու շաբաթ հետո Քլոիին արտահերթ կեսարյան հատում են կատարել: Լույս աշխարհ է եկել աղջիկ, որին անվանակոչել են Ամելիա Ռոուզ: Ծնվելիս նա կշռել է մոտ 700 գրամ:

«Նա մեր փոքրիկ հրաշքն է: Վթարը դարձավ մեր փրկությունը»,- խոստովանել է նորածնի հայրը՝ 21-ամյա Ջեք Ֆարելը:

Այս պահին Գրանտը նորածնի հետ կլինիկայում է՝ բժիշկների հսկողության ներքո: Բժիշկների խոսքով՝ նրանք իրենց լավ են զգում:



© NEWS.am Medicine