ՀՀ պատմության մեջ առաջին անգամ լյարդի փոխպատվաստում է արվել կենդանի դոնորից՝ աղջկանից մորը

11:33   25 ապրիլի, 2019

Երեկ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից: Այս մասին, այսօր՝ կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դա այնքան կարեւոր բժշկագիտական իրադարձություն է, որ ցանկացա նշել: Աղջկանից տրվել է մորը: Վիրահատությունը կատարվել է «Աստղիկ» ԲԿ-ում մեր ռուս գործընկերների օգնությամբ: Մենք այդ ուղղությունը զարգացնելու ենք: Երիկամի փոխպատվաստման շատ կարիք ունեցողներ ունենք: Հաջորդ տարվա բյուջեում պլանավորում ենք դրա համար բավական գումար նախատեսել», - ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ լյարդի վիրահատությունը մոտավորապես 100 հազար դոլարի շրջանակներում է տատանվում, եւ պետությունը կփորձի ինչ-որ չափով աջակցել հանրությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպես է ընթանում ուղեղի սուր իշեմիկ կաթվածի ծրագիրը, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ դա շատ հաջողված ծրագիր է.

«Երկու օր առաջվա դրությամբ արդեն 85 պացիենտի բուժօգնություն է ցուցաբերվել, որից 60-ն առողջացումով դուրս է գրվել: 12-ի կյանքը չի հաջողվել փրկել: Համարում ենք, որ կարիք ունի ընդլայնվելու այլ ԲԿ-ներում, այդ թվում մարզային: Դա արվում է պետպատվերով, 400 մլն դրամ է տրամադրվել այդ նպատակի համար»:



© NEWS.am Medicine