Գիտնականները սինթեզել են քաղցկեղի դեմ առաջին հակաբիոտիկը

22:08   25 ապրիլի, 2019

Գիտնականների միջազգային խումբը առաջին անգամ սինթեզել է, այսպես կոչված, «քաղցկեղի դեմ հակաբիոտիկը»՝ հակաուռուցքային նյութ, որը հայտնի է կեդարցիդին անունով։ Այդ միացությունը արդյունավետ է ուռուցքային բջիջների, ինչպես նաեւ հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէների դեմ պայքարում։

Հետազոտողներին կեդարցիդինի մոլեկուլային կառուցվածքը հաջողվել է որոշել այն բնության մեջ գտնելուց միայն 10 տարի հետո։ Միացությունը մոտ 30 տարի առաջ հանվել է Հնդկաստանում հողի նմուշներից։ Պարզվել է, որ այն բարձր կենսաբանական ակտիվություն ունի եւ վնասում է միկրոօրգանիզմների բջիջներում եւ քաղցկեղային բջիջներում ԴՆԹ-ն՝ կանխելով դրա հետագա աճը։ Սակայն բարդ կառուցվածքի պատճառով գիտնականները երկար ժամանակ չէին կարողանում սինթեզել այդ նյութը լաբորատորիայում։

Մասնագետների կարծիքով, այդ մոլեկուլի սինթեզը հնարավորություն կտա հակաբիոտիկների եւ հակաուռուցքային ազդակների նոր սերունդ մշակել։ Ապագա հետազոտություններում գիտնականները ծրագրում են բացել կեդարցիդինի աշխատանքի մեխանիզմները, որոնք նրան արդյունավետ են դարձնում քաղցկեղային բջիջների դեմ։

 



© NEWS.am Medicine