Ինչպե՞ս ճիշտ մաքրել ատամները. պատմում է ատամնաբույժը (վիդեո)

18:29   1 մայիսի, 2019

Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, տարածված են լնդերի բորբոքային հիվանդություններ, որոնք տարիների ընթացքում կարող են հանգեցնել ատամների կորստի։

Ինչպես NEWS.am Medicine-ին ասել է ատամնաբույժ, Հայաստանի պերիоդոնտոլոգների ասոցիացիայի նախագահ Վարդան Բակալյանը, լնդերի հիվանդությունների կանխարգելման հարցում կարեւոր դեր է խաղում բերանի խոռոչի ճիշտ հիգիենան։ Ատամները հարկավոր է մաքրել 3-4 րոպե։ Դա կօգնի խուսափել ատամնափառի կուտակմանը, որը մի քանի շաբաթում կամ ամսում պնդանում է եւ վերածվում ատամնաքարի։

«Պետք է հիշել, որ եթե ատամները մաքրվեն կոշտ հորիզոնական շարժումներով եւ շատ կոշտ ատամի խոզանակով, ապա դա կարող է վնասել ատամները եւ լնդերը»,- նշել է նա։

Բակալյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անհրաժեշտ է դիմել ատամնաբույժի՝ խորհրդատվության համար։ «Դա ատամների եւ լնդերի լուրջ խնդիրներից խուսափելու միակ միջոցն է։ Ցանկացած հիվանդության բուժում շատ ավելի արդյունավետ է, եթե իրականացվում է վաղ փուլերում։ Հակառակ դեպքում կպահանջվի ավելի բարդ եւ թանկ արժեցող բուժում»,- ընդգծել է Բակալյանը։

Խորհրդատվության ժամանակ ատամնաբույժը պետք է բացատրի պացիենտին, թե ինչպես ճիշտ մաքրել ատամները խոզանակով եւ միջատամային հիգիենայի այլ միջոցներով (ատամնաթելեր, միջատամային խոզանակներ, իռիգատորներ եւ այլն)։ «Ցանկալի է  ցույց տալ ֆանտոմների վրա։ Խնդիրն այն է, որ պացիենտը միշտ չէ, որ հետեւում է բժշկի խորհուրդներին։ Արդյունքում՝ շատերի մոտ, հատկապես Հայաստանում, անգամ բերանի խոռոչի հիգիենայից հետո ատամների վրա մնում է փառ, ինչի պատճառով դրանք սկսում են փչանալ»,- ասել է փորձագետը։



© NEWS.am Medicine