Ականջներում անդադար աղմուկը կարող է հանգեցնել ինքնասպանության. հետազոտություն

17:20   5 մայիսի, 2019

Ականջներում մշտական աղմուկը կարող է ինքնասպանության պատճառ դառնալ: Համաձայն Ստոկհոլմում (Շվեդիա) Կարոլինյան համալսարանի գիտնականների հետազոտության՝ ականջներում մշտական աղմուկով տառապող կանանց 10 տոկոսն ինքնասպանության փորձ է անում:

Ավելի վաղ գիտնականները նշել են, որ ականջներում անդադար աղմուկն առաջացնում է տագնապայնություն եւ դեպրեսիա: Այդ առնչությամբ բժիշկներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել հիվանդների հոգեկան վիճակի վրա: Ականջներում աղմուկի պատճառները տարբեր են՝ սկսած լսողության հետ կապված տարիքային խնդիրներից եւ վերջացրած ականջում ծծմբային խցանմամբ:

Միայն ԱՄՆ-ում 50 մլն մարդ է տառապում ականջներում աղմուկից, իսկ նրանցից 20 միլիոնի շրջանում այդ խնդիրն ունի քրոնիկ բնույթ: Ընդ որում՝ բարդ դեպքերում ականջներում աղմուկը կարող է նվազեցնել աշխատունակությունն ու բացասաբար ազդել մարդու անձնական կյանքի վրա:

Շվեդ գիտնականների հետազոտությանը մասնակցել է 72 հազար մարդ, որոնք պատասխանել են հարցին՝ ունեցե՞լ են արդյոք նրանք ականջներում աղմուկ եւ ցանկացե՞լ են արդյոք դրա հետեւանքով ինքնասպանություն գործել: Հարցված կանանց 10 տոկոսը խոստովանել է, որ այդ իրավիճակում փորձել է ինքնասպանություն գործել: Տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմել է 5.5 տոկոս:

Հատկանշական է, որ ինքնասպանության բարձր ռիսկը չի նկատվել այն մարդկանց շրջանում, ում ականջներում աղմուկը պաշտոնապես ախտորոշված է եղել: Դա նշանակում է, որ բժիշկները նշանակել են հիվանդներին համապատասխան բուժում ախտանիշերը մեղմելու համար:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Otolaryngology - Head & Neck Surgery պարբերականում:



© NEWS.am Medicine