Գիտնականները նշել են քաղցկեղի առաջացման վտանգը նվազեցնելու միջոցի մասին

20:10   6 մայիսի, 2019

Սպորտով կանոնավորապես զբաղվելը բարերար ազդեցություն է ունենում ուռուցքային հիվանդություններ ունեցող մարդկանց վրա։ Համաձայն Ջոնս Հոփկինսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների հետազոտության՝ ֆիզիկական բեռնվածությունները 89 տոկոսով նվազեցնում են աղիների քաղցկեղից մահվան  հավանականությունը։

Հետազոտությանը ներգրավվել է 49 143 մարդ, որոնց միջին տարիքը կազմել է 54 տարեկան։ Բոլոր փորձարկվողները բժիշկների կողմից հետազոտվել են մոտ յոթ տարի։ Հետազոտության սկզբում 388 կամավորների մոտ առաջացել է թոքերի քաղցկեղ, 220-ի մոտ՝ աղիների ուռուցքներ։ Ընդհանուր առմամբ, քաղցկեղի այդ տեսակներից մահացել է հետազոտության 371 մասնակից։

Ստացված արդյունքների համաձայն՝ ֆիզիկական բեռնվածություններին կանոնավորապես ժամանակ հատկացնող անձանց մոտ թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը նվազում է 77 տոկոսով, աղիների քաղցկեղինը՝ 61 տոկոսով։ Բացի այդ, սպորտի սիրահարների այս խմբում թոքերի քաղցկեղից մահացությունը նվազել է 44 տոկոսով, աղիների քաղցկեղից՝ 89 տոկոսով։

Գիտնականները նշում են, որ ֆիզիկական ակտիվությունը դրականորեն է անդրադառնում սրտի եւ թոքերի վրա, ինչպես նաեւ ամրացնում է իմունային համակարգը։ Բացի այդ, սպորտով զբաղվելը նվազեցնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսները։ Այս ամենն օգնում է նվազեցնել չարորակ նորագոյացությունների առաջացման վտանգը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cancer ամսագրում։



© NEWS.am Medicine