Հայաստանում մայիսի 12-ին առաջին անգամ նշվելու է Լնդերի առողջության օրը

19:32   9 մայիսի, 2019

Հայաստանն առաջին անգամ միանում է Լնդերի առողջության օրվա (Gum Health Day) համաշխարհային ակցիային: Այն անցկացվում է Պերիоդոնտոլոգների եվրոպական ֆեդերացիայի (EFP) նախաձեռնությամբ, եւ այս տարի միավորում է աշխարհի շուրջ 45 երկրի:

2019 թվականին Gum Health Day-ն առաջին անգամ նշելու են նաեւ Հայաստանում: Մայիսի 12-ին լնդերի առողջության մասին բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումը կանցկացվի Երեւանի կենտրոնում՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Հայաստանի Պերիоդոնտոլոգների ասոցիացիայից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ միջոցառման շրջանակում հնարավոր կլինի ոչ միայն կարեւոր տեղեկություններ ստանալ լնդերի խնամքի սկզբունքների մասին, այլեւ անձամբ շփվել պերիոդոնտոլոգիայի ոլորտի փորձագետների հետ: Դրանից բացի, միջոցառման շրջանակում հաճելի անակնկալներ են սպասվում:

Մայիսի 13-18-ին Երեւանում եւ երկրի այլ քաղաքներում, Gum Health Day-ին ներգրավված ատամնաբուժական կլինիկաներում կկազմակերպվեն անվճար խորհրդատվություններ: Հավելենք, որ հանրապետությունում Լնդերի առողջության օրը կազմակերպվում է Հայաստանի Պերիоդոնտոլոգների ասոցիացիայի նախաձեռնությամբ:

EFP-ն նշում է, որ լնդերի առողջությունը կարեւոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ լնդերի հիվանդությունները կապված են լուրջ քրոնիկական հիվանդությունների, ներառյալ դիաբետի, սիրտ-անոթային եւ ուղեղավասկուլյար հիվանդությունների հետ: Դրանից բացի, լնդերի առողջությունը կարեւոր դերակատարում ունի նաեւ էսթետիկական տեսակետից:



© NEWS.am Medicine