Հիպերտոնիայի արդյունավետ վերահսկողությունը կարող է ընդհանուր մահացությունը 13 տոկոսով նվազեցնել. մասնագետ

21:24   9 մայիսի, 2019

Ամեն օր ընդունվող ճիշտ ընտրված դեղերի միջոցով հիպերտոնիայի գրագետ եւ արդյունավետ վերահսկողությունը կարող է բնակչության ընդհանուր մահացությունը 13 տոկոսով նվազեցնել, ինչպես պնդում է սրտաբան Պարունակ Զելվեյանը:

Գլխուղեղի կաթվածներից մահացությունն այդ դեպքում կարելի է նվազեցնել 27 տոկոսով, իսկ սրտի կաթվածներից մահացությունը՝ 20 տոկոսով:

Մասնագետի խոսքով՝ հիպերտոնիայից տառապում է մոլորակի չափահաս բնակչության մոտ 25-45 տոկոսը եւ բոլոր երկրներում այդ խնդրի տարածվածությունը գրեթե նույնն է:

Հիպերտոնիայի զարգացման վտանգի հիմնական գործոններն են ավելորդ քաշը, ճարպակալումը, ֆիզիկական ակտիվության պակասը, սխալ սննդակարգը, սննդում ճարպերի եւ շաքարի ավելցուկը, ինչպես նաեւ ծխելը եւ ալկոհոլի չարաշահումը:

Մասնագետի խոսքով հիպերտոնիան կանխելը բավականին հեշտ է. պետք է ընդամենը ձեր կյանքից բացառեք վերը նշված ռիսկի գործոնները եւ հիպերտոնիայի զարգացման ռիսկը զգալիորեն կնվազի:

Սակայն, եթե դուք արդեն ունեք բարձր ճնշման խնդիր, այն չի կարելի անտեսել, քանի որ հիպերտոնիան կարող է սրտանոթային համակարգի հետ կապված մի շարք խնդիրների հանգեցնել, այդ թվում գլխուղեղեի եւ սրտի կաթվածների:

Սակայն ոչ բոլորը, ինչպես նշեց սրտաբանը, գիտեն, որ հիպերտոնիան պետք է բուժի մասնագետը:

Ավելին՝ մարդիկ ոչ միշտ են բժշկին դիմում անգամ այն դեպքում, երբ նրանց սկսում են անհանգստացնել հիպերտոնիայի նախանշանները:

Երիտասարդ սերունդն, ըստ մասնագետի, բավականին գրագետ է այդ հարցերում եւ ժամանակ առ ժամանակ անգամ պրոֆիլակտիկ նպատակով հետազոտվում է, անգամ եթե ոչինչ չի անհանգստացնում:

Սակայն ավագ սերնդի ներկայացուցիչները չգիտես ինչու ավելի ուշադիր են իրենց մեքենաների, քան իրենց առողջության նկատմամբ:

«Եթե մեքենայում ինչ-որ բան սկսում է աղմկել, նրանք միանգամից այն տանում են մասնագետի մոտ: Բայց եթե «աղմկում է» նրանց օրգանիզմը, նրանք դա անտեսում են, կարծում են, որ խնդիրն ինքնըստինքնյան կանցնի, թեեւ այդ աղմուկը կարող է ազդանշան լինել այն մասին, որ նա լուրջ խնդիրներ ունի», - ասաց մասնագետը:



© NEWS.am Medicine