Գիտնականներն անսպասելի կապ են հայտնաբերել յուղոտ սնունդի եւ դեպրեսիայի միջեւ

23:43   15 մայիսի, 2019

Եթե մարդու սննդակարգում ճարպերը չափից ավելի շատ են, եւ դրանք կուտակվում են նրա ուղեղի մեջ, դա կարող է դեպրեսիա եւ այլ հոգեկան խնդիրներ առաջացնել, պարզել են Գլազգոյի համալսարանի գիտնականները:

Անցյալում նման հետազոտություն արդեն անցկացվել է. գիտնականները կրծողներին յուղոտ սնունդ են տվել, եւ արդյունքում նրանց մոտ դեպրեսիայի նշաններ են ի հայտ եկել: Ախտանշանները վերացել են հակաբիոտիկների կուրս ստանալուց հետո, որը փոխել է կենդանիների աղիների միկրոֆլորան: Այդ ժամանակ պարզվել էր, որ յուղոտ սնունդը նպաստել է աղիներում որոշակի բակտերիաների աճին, եւ այս բակտերիաները գլխուղեղում ռեալ փոփոխություններ են առաջացրել:

Իսկ հիմա գիտնականները որոշել են չկենտրոնանալ աղիների միկրոֆլորայի փոփոխությունների վրա. նրանց հետաքրքրում էին ուղեղում ընթացող պրոցեսները: Պարզվել է, որ դեպրեսիա է առաջացրել թե՛ դիետիկ, թե՛ գենետիկորեն պայմանավորված ճարպակալումը: Մասնագետները պարզել են, որ սննդային ճարպերը հեշտությամբ են հայտնվում արյան հոսքի մեջ եւ կուտակվում են հիպոթալամուսում: Այնտեղ առաջացնում են ազդանշանային ուղիների աշխատանքի խանգարումներ, իսկ որպես հետեւանք՝ դեպրեսիա եւ հոգեկան այլ խանգարումներ:

Այս էֆեկտն էլ բացատրում է, թե ինչու են գեր մարդիկ վատ արձագանքում հակադեպրեսանտներին՝ բարեկազմ պացինետների համեմատությամբ, եւ ինչու վնասակար սնունդ «խժռելը» իրականում չի օգնում տրամադրության բարելավմանը:



© NEWS.am Medicine